Դոնալդ Թրամփ. Մայիսի 15-ին Թուրքիայում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը կարող է լավ արդյունքներ տալ, մտածում եմ Ստամբուլ թռչելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ կարևոր» է անվանել մայիսի 15-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հնարավոր հանդիպումը։
Այս մասին նա խոսել է առողջապահության նախարարի հետ դեղերի գների իջեցման վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսում։
«Կարծում եմ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հինգշաբթի օրը Թուրքիայում կայանալիք հանդիպումը կարող է լավ արդյունքներ տալ։ Կարծում եմ՝ երկու առաջնորդները կլինեն այնտեղ։ Մտածում եմ ժամանելու մասին։ Չգիտեմ՝ հինգշաբթի օրը որտեղ կլինեմ։ Շատ հանդիպումներ ունեմ։ Բայց մտածում եմ ժամանելու մասին։ Հնարավորություն կա, կարծում եմ՝ ինչ-որ բան կարող է պատահել։ Մենք պետք է դա անենք։ Մենք պետք է շաբաթական փրկենք հինգ հազար կյանք, իրականում՝ ավելի շատ։ Երբ նայում ես մարտադաշտի արբանյակային պատկերներին, ամենուր կտրված վերջույթներ և գլուխներ կան։ Արդյո՞ք դա իմաստ ունի։ Անիմաստ է։ Այնպես որ, մենք շատ ենք աշխատում՝ տեսնելու, թե կարո՞ղ ենք դադարեցնել այս արյունահեղությունը», – ասաց Թրամփը։
Հարցին, թե արդյոք նա կքննարկի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը, եթե Պուտինը չհամաձայնվի 30-օրյա հրադադարի, Թրամփը պատասխանեց, որ զգացողություն ունի, որ նրանք կհամաձայնեն։
Բացի այդ, Դոնալդ Թրամփը նախատեսում է առաջիկա օրերին այցելել Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Կատար։