Դոնալդ Թրամփ. Կարծում եմ՝ մենք բավականին մոտ ենք համաձայնության, Ուկրաինան պետք է համաձայնի դրան, գուցե նրանք ասեն՝ ոչ, նրանք պայքարում են մեծ ռազմական մեքենայի դեմ
Դոնալդ Թրամփ. Կարծում եմ՝ մենք բավականին մոտ ենք համաձայնության, Ուկրաինան պետք է համաձայնի դրան, գուցե նրանք ասեն՝ ոչ, նրանք պայքարում են մեծ ռազմական մեքենայի դեմ

ԱՄՆ-ի նախագահի՝ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը տարածքային և անվտանգության հարցերի շուրջ հիմնականում համաձայնություն է ձեռք բերվել։

Այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Անկորիջում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո «Ֆոքս Նյուս»-ին տված հարցազրույցում։

«Ֆոքս Նյուս»-ի հաղորդավար Շոն Հենիթին Դոնալդ Թրամփին հարցրեց տարածքների փոխանակման հնարավորության մասին, որի արդյունքում Ռուսաստանը ավելի մեծ տարածք կունենա, ինչպես նաև Ուկրաինայի համար անվտանգության այն միջոցառումների մասին, որոնք ՆԱՏՕ-ի հետ կապված չեն։ ԱՄՆ նախագահը պատասխանեց, որ հենց այդ հարցերի շուրջ են նրանք հիմնականում համաձայնության եկել։

«Կարծում եմ, սա այն հարցերն են, որոնք մենք քննարկեցինք, և սա այն հարցերն են, որոնց շուրջ հիմնականում համաձայնության եկանք», – նշել է նա։

Դոնալդ Թրամփը նաև հայտարարեց, որ անհրաժեշտ է Ուկրաինայի համաձայնությունը։

«Կարծում եմ, մենք բավականին մոտ ենք համաձայնությանը։ Ուկրաինան պետք է դրան համաձայնի, հնարավոր է ասեն՝ ոչ։ Նրանք մեծ ռազմական մեքենայի դեմ են պայքարում։ Կարծում եմ, մենք մոտ ենք համաձայնությանը, բայց ինձ դուր չի գալիս դա ասել։ Երբ ես իսկապես մոտ եմ, միշտ ասում եմ՝ 50/50 է, որովհետև շատ բան կարող է պատահել։ Սակայն կարծում եմ, որ նախագահ Պուտինը ցանկանում է խնդրի լուծում», – ասել է նա։