Դոնալդ Թրամփ - Հայաստանն ու Ադրբեջանը 35 տարի պայքարել են, հիմա նրանք ընկերներ են, պարտավորվում են ընդմիշտ դադարեցնել ռազմական գործողությունները, սկսել հարաբերություններ, հարգել միմյանց ինքնիշխանությունը
Դոնալդ Թրամփ - Հայաստանն ու Ադրբեջանը 35 տարի պայքարել են, հիմա նրանք ընկերներ են, պարտավորվում են ընդմիշտ դադարեցնել ռազմական գործողությունները, սկսել հարաբերություններ, հարգել միմյանց ինքնիշխանությունը

Հայաստանը և Ադրբեջանը 35 տարի պատերազմել են, հիմա ընկերներ են և դեռ երկար կմնան ընկերներ, – այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հռչակագիրը ստորագրելուց առաջ։

Ինչպես նշել է Թրամփը, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը երկար էին գնում այս ուղղությամբ և շատ անգամ կարծել են, որ կարող են պայմանավորվել, սակայն դա մինչ այժմ չէր հաջողվել։

Նրա խոսքով, խաղաղության պայմանագրի հասնել փորձում էին նաև Եվրամիությունը և Ռուսաստանը, սակայն անարդյունք։

«Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ Սպիտակ տանը այս պատմական խաղաղության գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ցանկանում եմ շնորհավորել այս երկու հեռատես մարդկանց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Իլհամ Ալիևին, որ ժամանել են Վաշինգտոն այս կարևոր հռչակագիրը ստորագրելու համար։ Մենք քիչ առաջ գտնվել ենք Օվալաձև գրասենյակում, որտեղ ստորագրեցինք ծավալուն փաստաթղթեր և պայմանավորվածության շատ կարևոր կետեր։ Հայաստանը և Ադրբեջանը պարտավորվում են հավիտյան դադարեցնել ռազմական գործողությունները, սկսել առևտուր, ճանապարհորդություն, դիվանագիտական հարաբերություններ և հարգել միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը», – նշել է Թրամփը։

Նրա խոսքով, Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան ապրել և աշխատել միասին, ինչը հիանալի է։

«Մենք նաև լուծեցինք կարևոր հարց։ Այս հռչակագիրը, որը նրանք իմ պատվին անվանել են «Թրամփի երթուղի» միջազգային խաղաղության և բարօրության համար, սահմանում է, որ այն թույլ կտա Ադրբեջանին լիարժեք մուտք ունենալ Նախիջևան իր տարածքի միջով, միևնույն ժամանակ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Այսպիսով, նրանք կկարողանան ապրել և աշխատել միասին։ Հայաստանը նաև ստեղծում է բացառիկ գործընկերություն ԱՄՆ-ի հետ, որը կարող է տևել մինչև 99 տարի, և հետո խոստանում են երկարաձգել։ Մենք սպասում ենք, որ ամերիկյան ընկերությունները կկատարեն կարևոր ենթակառուցվածքային ներդրումներ։ Նրանք մեծ ցանկություն ունեն մուտք գործել այս երկու երկրներ և շատ գումար ներդնել, ինչը տնտեսական օգուտ կբերի երեք պետություններին։ Մենք նաև հանում ենք սահմանափակումները Ադրբեջանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության վրա», – հայտարարել է Թրամփը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահի միջնորդությամբ, ստորագրել են համատեղ խաղաղության հռչակագիր։ Փաստաթղթով կողմերը պարտավորվում են հավիտյան դադարեցնել ռազմական գործողությունները, սկսել առևտրային և դիվանագիտական հարաբերություններ, ճանապարհորդություն և հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։