Դոնալդ Թրամփ. Հաշվի առնելով հանդիպումը, հնարավոր է, որ երկու-երեք շաբաթից մտածեմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին, բայց դրա մասին հիմա մտածելու կարիք չկա, կարծում եմ՝ հանդիպումը շատ լավ անցավ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը հաշվի առնելով՝ ներկայումս Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը չի քննարկում։
Այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Անկորիջում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո «Ֆոքս Նյուս»-ին տված հարցազրույցում։
«Հաշվի առնելով այն, ինչ այսօր տեղի ունեցավ, կարծում եմ, այս մասին մտածելու անհրաժեշտություն հիմա չկա։ Հնարավոր է՝ դրա մասին մտածել ստիպված լինեմ երկու կամ երեք շաբաթ անց, սակայն հիմա դրա կարիքը չկա։ Կարծում եմ, գիտեք, որ հանդիպումը շատ լավ անցավ», – հայտարարել է Դոնալդ Թրամփը։
Հարցին՝ 10-բալանոց սանդղակով ինչ գնահատական կտար Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը, Դոնալդ Թրամփը պատասխանել է, որ այն 10 միավորով կգնահատեր։
Նշենք, որ Ալյասկայում կայացած հանդիպումից առաջ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին սպառնում էր պատժամիջոցներով, եթե նա խաղաղության համաձայնագրի չհասներ։
Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը Անկորիջում ամերիկյան ռազմական բազայում տևել է մոտ երեք ժամ։