Դոնալդ Թրամփ. Ղազախստանը կմիանա Աբրահամի համաձայնագրերին՝ Իսրայելի և մուսուլմանական մեծամասնությամբ երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար
Դոնալդ Թրամփ. Ղազախստանը կմիանա Աբրահամի համաձայնագրերին՝ Իսրայելի և մուսուլմանական մեծամասնությամբ երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ղազախստանը կմիանա Աբրահամյան համաձայնագրերին՝ իսրայելի և մուսուլմանական մեծամասնություն ունեցող երկրների միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։

Թրամփն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ հեռախոսով զրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և Վաշինգտոնում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

«Իմ երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում Ղազախստանը առաջին երկիրն է, որը միանում է Աբրահամյան համաձայնագրերին՝ շատերից առաջինը։ Սա կարևոր քայլ է աշխարհի երկրների միջև կամուրջների կառուցման ճանապարհին։ Այսօր էլ ավելի շատ երկրներ են հերթի մեջ կանգնած՝ Աբրահամյան համաձայնագրերի միջոցով խաղաղության և բարեկեցության հասնելու համար։ Շուտով կհայտարարենք ստորագրման արարողության մասին՝ պաշտոնապես այս գործընթացը հաստատելու համար, և շատ այլ երկրներ նույնպես ձգտում են միանալ այս ուժեղների ակումբին։ Ակնկալում ենք իրական առաջընթաց և արդյունքներ՝ կայունություն և զարգացում ապահովելու նպատակով երկրների միավորման ճանապարհին։ Օրհնյալ լինեն խաղաղարարները», – գրել է Թրամփը սոցիալական ցանցում։

Ինչպես նշում է «Reuters»-ը, Ղազախստանն արդեն ունի լիարժեք դիվանագիտական և տնտեսական կապեր Իսրայելի հետ, ինչն այս քայլը դարձնում է հիմնականում խորհրդանշական։

Հիշեցնենք, որ 2020 թվականին Դոնալդ Թրամփի ջանքերով Աբրահամյան համաձայնագրերին միացան Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Սուդանը և Մարոկոն։ Սաուդյան Արաբիան, Պաղեստինի պետականության հարցում առաջընթացի բացակայության պատճառով, հրաժարվել է միանալ այս գործընթացին։