Դմիտրի Պեսկով. Վլադիմիր Պուտինը համաձայնել է Թրամփի խնդրանքին՝ մինչև փետրվարի 1-ը դադարեցնել Ուկրաինայի վրա հարվածները
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին խնդրել է մինչև փետրվարի մեկը դադարեցնել հարվածները Ուկրաինայի վրա՝ խաղաղ բանակցությունների համար նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով։
«Նախագահ Թրամփը անձամբ խնդրեց նախագահ Պուտինին զերծ մնալ Կիևի վրա հարձակվելուց մեկ շաբաթվա ընթացքում՝ մինչև փետրվարի մեկը, որպեսզի ստեղծվի բարենպաստ պայմաններ բանակցությունների համար։ Սա է այն ամենը, ինչ կարող եմ ասել այս հարցի վերաբերյալ», – նշել է Դմիտրի Պեսկովը։
Լրագրողի հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինը համաձայնվել է Դոնալդ Թրամփի առաջարկին, Պեսկովը պատասխանել է. «Այո, իհարկե։ Դա նախագահ Թրամփի անձնական խնդրանքն էր»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է իր խնդրանքին, և Ռուսաստանը մեկ շաբաթ շարունակ չի ռմբակոծի Ուկրաինայի քաղաքները։