Դմիտրի Պեսկով. Ռուսաստանում ՆԱՏՕ-ի հետ առճակատման կողմնակիցներ չկան, բայց Մոսկվան ստիպված է միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգությունն ու շահերն ապահովելու համար
Դմիտրի Պեսկով. Ռուսաստանում ՆԱՏՕ-ի հետ առճակատման կողմնակիցներ չկան, բայց Մոսկվան ստիպված է միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգությունն ու շահերն ապահովելու համար

Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետ բախման կողմնակից չէ, սակայն Մոսկվան ստիպված է ձեռնարկել քայլեր սեփական անվտանգությունն ու շահերը պաշտպանելու համար, – այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովն արձագանքել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հայտարարությանը, ով չէր բացառել, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն կարող են պատերազմ սկսել 2029 թվականին։

«Նման միլիտարիստական և ռազմատենչ հռետորաբանությունը Եվրոպայի մայրաքաղաքներից գնալով ավելի հաճախ է հնչում», – ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ ռուս-ՆԱՏՕ ռազմական բախման հնարավորության մասին Պիստորիուսը խոսել էր գերմանական լրատվամիջոցների հետ։ «Թեման շարունակում է մնալ ենթադրության մակարդակում։ Ռազմական փորձագետներն ու հատուկ ծառայությունները կարող են մոտավորապես գնահատել, թե երբ Ռուսաստանը կվերականգնի իր զինված ուժերը այն մակարդակին, որ կարողանա հարված հասցնել ՆԱՏՕ-ի արևելյան թևում գտնվող որևէ երկրի։ Մենք միշտ ասել ենք, որ դա կարող է տեղի ունենալ 2029 թվականին։ Այժմ կան մարդիկ, ովքեր ասում են, որ դա հնարավոր է 2028-ին, իսկ որոշ ռազմական պատմաբաններ ասում են, որ մենք արդեն ունեցել ենք վերջին խաղաղ ամառը», – նշել է Պիստորիուսը։