Դմիտրի Պեսկով. Ֆրանսիայի ընտրությունների առաջին փուլի արդյունքը համապատասխանում է եվրոպական միտումներին
Կրեմլը հայտարարեց, որ Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքները հաստատել են եվրոպական տարբեր երկրներում արդեն նկատվող միտումները։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է Ֆրանսիայում ընթացող խորհրդարանական ընտրություններին։
«Մենք շատ ուշադիր հետևում ենք այս ընտրությունների ընթացքին, և այն միտումները, որոնք ավելի վաղ ընդգծվել էին եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, հաստատվում են։ Մենք կսպասենք երկրորդ փուլին, թեև ֆրանսիացի ընտրողների առավելությունները մեզ համար քիչ թե շատ պարզ են»,- ասել է Պեսկովը։
Էքզիթ փոլի արդյունքների համաձայն՝ Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միություն» կուսակցությունը 34 տոկոսով առաջատարն է։ Երկրորդ տեղը զբաղեցրել է ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիան՝ 28,1 տոկոսով, իսկ նախագահ Էմանուել Մակրոնի ցենտրիստական դաշինքը հավաքել է ձայների 20,3 տոկոսը։ Ինչ վերաբերում է հանրապետականներին, ապա exit poll-ի արդյունքներով նրանք ստացել են ձայների 10,2 տոկոսը։