Դմիտրի Կուլեբա. Եթե Ուկրաինան պարտվի, դա կլինի Եվրոպայի վերջը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի խոսքով՝ եթե Ուկրաինան պարտություն կրի, դա կլինի Եվրոպայի վերջը։
Այս մասին Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը խոսել է «Forbes»-ին տված հարցազրույցում։
«Եվրոպայի համար սա էքզիստենցիալ պատերազմ է։ Եվրոպացիները գիտակցում են, որ դա իրենց էլ է վերաբերում։ Նրանք չեն կարող իրենց թույլ տալ չհաղթել Ուկրաինայի հետ այս պատերազմում։ Եթե Ուկրաինան պարտվի, դա կլինի Եվրոպայի վերջը»,- ասել է Դմիտրի Կուլեբան։
Կուլեբան խոսել է նաեւ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված ժամանակավոր բյուջեի մասին, որտեղ Ուկրաինայի ֆինանսավորումը ներառված չի եղել։
Ինչպես ասում է Կուլեբան, որքան մոտենում են ԱՄՆ նախագահական ընտրությունները, այնքան ավելի շատ դժվարություններ են սպասվում Ուկրաինային։
«Ընտրություններն ունեն իրենց տրամաբանությունը, քաղաքական պայքարը կդառնա ինտենսիվ, իսկ ԱՄՆ-ում կան ուժեր, որոնք ցանկանում են, որ Ուկրաինայի հարցը լինի նախընտրական քարոզարշավի գլխավոր հարցերից մեկը»,- ասաց Դմիտրի Կուլեբան։