Դմիտրի Կուլեբա. Ռուսաստանին նվաստացնելուց խուսափելու կոչերը կարող են միայն նվաստացնել Ֆրանսիային
Ռուսաստանին նվաստացնելուց խուսափելու կոչերը կարող են միայն նվաստացնել Ֆրանսիային,- ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան՝ ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարության, որ Ռուսաստանին բացահայտ նվաստացնելը միայն կփակի ապագա դիվանագիտական ուղիները։
«Ռուսաստանին նվաստացնելուց խուսափելու կոչերը կարող են միայն նվաստացնել Ֆրանսիային և ցանկացած այլ երկրի, որը հանդես կգա այդ կոչով, քանի որ Ռուսաստանն ինքն է նվաստացնում իրեն։ Մենք բոլորս պետք է կենտրոնանանք այն բանի վրա, թե ինչպես Ռուսաստանին ցույց տանք իր տեղը։ Դա կբերի խաղաղություն և կփրկի կյանքեր»,- գրել է Դմիտրո Կուլեբան «Twitter»-ում։
Ինչպես նշել է Էմանուել Մակրոնը ֆրանսիական տարածաշրջանային լրատվամիջոցներին տված հարցազրույցում, Ուկրաինա միջամտությունը Պուտինի պատմական և հիմնարար սխալն էր։ Ֆրանսիայի նախագահն ասել է. «Մենք չպետք է նսեմացնենք Ռուսաստանը, քանի որ երբ ռազմական գործողությունները դադարեն, մենք կարողանանք ելք կառուցել դիվանագիտական ճանապարհով։ Ես համոզված եմ, որ Ֆրանսիայի դերը միջնորդ պետություն լինելն է»։