Deutsche Welle – Եվրոպական ընկերությունների բաժնետոմսերի գները ֆոնդային բորսաներում իջել են ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերի ուժի մեջ մտնելու պատճառով

17:06, 09.04.2025

Եվրոպական ընկերությունների բաժնետոմսերի գները ֆոնդային բորսաներում իջել են ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերի ուժի մեջ մտնելու ֆոնին, հայտնում է Deutsche Welle-ն։

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, եվրոպական ֆոնդային ինդեքսներն օրը սկսել են նկատելի անկումով։

«STOXX Europe 600 ինդեքսը, որը հետևում է եվրոպական 600 խոշորագույն ընկերություններին, վաղ առևտրի ժամանակ ընկել է 2,95%-ով, իսկ գերմանական DAX-ը օրը սկսել է 2,92%-ով անկումով և ապրիլի 7-ից նվազել է 10%-ով:

Մինչդեռ եվրոպական դեղագործական հսկաների բաժնետոմսերի գները նույնպես նվազում են, հատկապես այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հավելյալ «խոշոր» մաքսատուրքեր հայտարարեց դեղագործական ընկերությունների համար։ Գերմանական Redcare Pharmacy-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 15,10%-ով, շվեյցարական Roche-ինը՝ 5,2%-ով, Novartis-ինը՝ 6,05%-ով, դանիական Novo Nordisk-ինը՝ 4,09%-ով:

Էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերը նույնպես նվազում են։ STXE 600 ինդեքսը, որը ներառում է գազի և նավթի արդյունաբերության ընկերությունները, վերջին չորս տարվա ընթացքում նավթի գների ռեկորդային անկման ֆոնին ընկել է 3,03%-ով։

Գերմանիայի ֆինանսների նախարար Յորգ Կուկիսի խոսքով՝ գների անկումը տեղի է ունենում «ապշեցուցիչ արագությամբ»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 2-ից մաքսատուրքեր է սահմանել աշխարհի ավելի քան 180 երկրների վրա, որոնք ուժի մեջ են մտել այսօր՝ ապրիլի 9-ին, Եվրամիության նկատմամբ սահմանված մաքսատուրքերը կազմել են 20%։ Եվրամիությունը պատրաստվում է այսօր քվեարկել պատասխան միջոցների վերաբերյալ, որից հետո դրանք ուժի մեջ կմտնեն ապրիլի 15-ից: Ակնկալվում է, որ պատասխան մաքսատուրքերը կհարվածեն ամերիկյան գյուղատնտեսական ապրանքներին, թռչնամսի և տավարի մսին, ծովամթերքին և կաթնամթերքին, ընկույզին և շաքարավազին:

Նմանատիպ