Դավոսում կայացել էր Դոնալդ Թրամփի ու Իլհամ Ալիևի հանդիպումը
Դավոսում կայացել էր Դոնալդ Թրամփի ու Իլհամ Ալիևի հանդիպումը

Դավոսում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարները գոհունակություն են հայտնել երկրների միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Ըստ լրատվամիջոցների՝ «հատուկ ընդգծվել է նախագահ Դոնալդ Թրամփի պատմական դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացմանն ուղղված համաձայնությունների ձեռքբերման գործում»։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահը անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերին։ Նա նշել է, որ տարածաշրջանում արդեն իսկ խաղաղություն է տիրում և ընդգծել, որ դա կազդի նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատման վրա։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ այս համատեքստում նա նշել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը, ինչպես նաև Հայաստան ներմուծվող հացահատիկի մատակարարումը։ Ալիևը նաև նշել է, որ Թրամփի երթուղու նախագիծը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային կապերի ամրապնդման գործում։

Ադրբեջանական լրատվամիջոցները նաև գրում են, որ Ալիևը և Թրամփը զրույցի ընթացքում քննարկել են ԱՄՆ նախագահի նախագահությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդի» կարևորությունը և նշել են այս կազմակերպության դերը Մերձավոր Արևելքում խաղաղության ամրապնդման, ինչպես նաև համաշխարհային հակամարտությունների կարգավորմանը նպաստելու գործում։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, Ադրբեջանի՝ որպես հիմնադիր պետության «Խաղաղության խորհրդին» հրավիրելը գնահատվել է որպես Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության արտահայտություն և այն դերի ճանաչում, որը Ադրբեջանը խաղում է ամբողջ աշխարհում խաղաղության խթանման գործում: Առաջնորդները նաև քննարկել են երկկողմ հարաբերությունների հեռանկարները և նշել տարբեր մակարդակներում այցելությունների և շփումների կարևորությունը: