Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Ինչպես Վրաստանի Առաջին տեղեկացրել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից, գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցին նախորդել է օկուպացված շրջաններում առկա իրավիճակի քննարկումը ԵԱՀԿ-ի գործող նախագահ և Եվրամիության գերագույն ներկայացուցչի, ինչպես նաև Ժնևի գործընթացի համանախագահ կազմակերպության ղեկավարության հետ:
Արտաքին գերատեսչության տեղեկությամբ, Դավիթ Զալկալիանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին տեղեկություն է փոխանցել Վրաստանի օկուպացված շրջաններում ստեղծված իրավիճակի մասին: Առանձնապես ընդգծվել է մարդու իրավունքների առումով առկա բարդ վիճակը, շփման գծում վերջին ժամանակ զարգացած իրադարձությունները, այդ թվում՝ արհեստական պատնեշների բարձրացման անօրեն գործընթացը և ձերբակալությունները: Խոսքը վերաբերել է նաև օկուպացված Աբխազիայում օգոստոսի 25-ին անցկացված անօրեն նախագահական ընտրություններին:
Վրացական կողմը մեկ անգամ ևս հաստատել է հավատարմություն իրավիճակի դեէսկալացիայի և հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման գործընթացի նկատմամբ, այդ թվում՝ Ժնևի միջազգային բանակցությունների գործընթացում կառուցողական և հետևողական մասնակցության առնչությամբ:
Հեռախոսազրույցի ժամանակ Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ հակամարտության խաղաղ լուծման գործընթացում Վրաստանին աջակցելու և ակտիվ ներգրավվելու համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկ անգամ ևս հաստատել է աջակցություն Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ: