Դավիթ Զալկալիանին հանդիպել է Ժնևյան բանակցությունների համանախագահների հետ
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է Ժնևյան բանակցությունների համանախագահների հետ: Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, հանդիպմանը քննարկվել է Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը և վերջին ժամանակներում զարգացած իրադարձությունները:
«Ես հանդիպում եմ ունեցել Ժնևյան բանակցությունների համանախագահների հետ: Քննարկման հիմնական թեման էր այսպես կոչված բորդերիզացիան: Բնական է բանակցությունները կշարունակվեն նաև հետագայում: Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, ամենաբարձր մակարդակով, հասանելի բոլոր ձևաչափերով, բոլոր երեք կազմակերպությունների շրջանակներում, որ ապագայում նման գործողություններ չկրկնվեն», – հայտարարել է արտգործնախարարը Ժնևյան բանակցությունների համանախագահների հետ հանդիպումից հետո:
Դավիթ Զալկալիանիի հայտարարությամբ Ժնևյան բանակցությունների համանախագահներն արդեն այցելել են բռնազավթված տարածքների հարակից գյուղերում և տեղում ծանոթացել իրավիճակին: Ինչպես ասել է արտաքին գործերի նախարարը, վաղը միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների հանդիպմանը, ինչպես նաև Ժնևյան բանակցությունների հաջորդ փուլում, լինելու են քննարկումներ, թե ինչպես դադարեցնել անօրեն սողացող բռնազավթման գործընթացը:
«Ես բարձր մակարդակի հեռախոսազրույց եմ ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար, պարոն Գուտիերեշի, Եվրամիության գերագույն ներկայացուցիչ, Ֆեդերիկա Մոգերինիի և ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար, Միրոսլավ Լայչակի հետ: Հենց նրա ներկայացուցիչներն են ժամանել, և իմ խնդրանքով, նրանք ժամանել են ծրագրվածից շուտ, հաշվի առնելով, որ իրավիճակը անընդունելի է, և անհրաժեշտ էր, որ համանախագահները տեղում ծանոթանային իրավիճակի հետ, հետագա արձագանքման համար», – ասել է Դավիթ Զալկալիանին: