Դավիթ Զալկալիանին հանդիպել է Ռուսաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան՝ Քրիստինա Մարտի Լանգի հետ
Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Մարտի Լանգի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում ԱԳ նախարարությունը։
Գերատեսչության հաղորդմամբ, կողմերը քննարկել են Վրաստանի և Ռուսաստանի միջև Շվեյցարիայի միջնորդության հարցերը, Վրաստանի օկուպացված տարածքներում մարդասիրական ծանր իրավիճակը, ինչպես նաև այդ շրջաններում Ռուսաստանի կողմից ձեռնարկվող անօրինական գործողությունները։
«Արտաքին գործերի նախարարը կտրուկ բողոքել է շվեյցարացի միջնորդներին՝ ռուսական պետական հեռուստաալիքի հաղորդումներից մեկում Վրաստանի պետական դրոշի վիրավորման փաստի կապակցությամբ, ինչը Վրաստանի դեմ Ռուսաստանի ապակառուցողական քաղաքականության հստակ արտահայտությունն է։
2009 թվականից Շվեյցարիան ներկայացնում է Վրաստանի շահերը Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ գործում է Շվեյցարիայի դեսպանատան վրացական շահերի բաժինը»,- ասվում է հաղորդագրության մեջ։