Դավիթ Զալկալիանի. Դավիթ Գարեջիի թեմայով ընթացող հետաքննության մասին ադրբեջանական կողմը եղել է տեղեկացված
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հայտարարությամբ, Դավիթ Գարեջիի թեմայով դատախազությունում ընթացող հետաքննության մասին ադրբեջանական կողմը եղել է տեղեկացված և այդ հարցի շուրջ զրուցել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ նրա Վրաստան այցի ժամանակ:
«Այս մասին զրուցել եմ իմ գործընկերոջ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը: Համատեղ մամլո ասուլիսին ես զգույշ հայտարարություն եմ արել: Դա բխում էր նրանից, որ սա շատ նուրբ թեմա է, որ կարևոր է մեր երկու պետությունների հարաբերություններում: Այս տարի պետք է անցկացվեր նորացված հանձնաժողովի մի քանի հանդիպում, սակայն համավարակը չտվեց դրա հնարավորությունը: Չնայած դրան, մենք մեկ րոպե չենք դադարեցրել աշխատանքը, որպեսզի ձեռք բերեինք նոր նյութեր: Երբ ձևավորվեց նոր հանձնաժողովը, մենք վերլուծեցինք, թե ինչ նյութերի հիման վրա էին ընթանում բանակցություններ: Պարվեց, որ Վրաստանի դիրքերը որոշակիորեն թուլացած էին, քանի որ առավելագույնս արդյունավետ չէինք կիրառում բոլոր հնարավոր քարտեզային նյութերը և եզրահանգումները: Մենք ձեռք բերեցինք նյութեր, որոնք հնարավորություն տվեցին լիարժեք կիրառել մեր դիրքերի ամրապնդման նյութերը, որ այն համաձայնությունները, որին հասել էինք 206-2007 թվականներին, վերանայվեին»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
Միևնույն ժամանակ, Վրաստանի արտաքին գործերի նախարարը հակապետական է որակել ընդդիմության որոշ ներկայացուցիչների հայտարարությունն այն մասին, որ դատախազությունում Գարեջիի թեմայով հետաքննություն սկսելը կապված էր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության հետ: Դավիթ Զալկալիանին պարզաբանել է, որ հարցը, այդ թվում, Էլմար Մամեդյարովի այցի ժամանակ, մինչ այդ էր համաձայնեցվել, նախքան հակամարտության գոտում կսկսվեին մարտական գործողություններ:
«Սա եղել է այն ժամանակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության գոտում իրավիճակը չէր սրվել: Եվ ի՞նչ արեցին մեր ընդդիմախոսները: Բացարձակ անպատասխանատու և հակապետական հայտարարություններ և կցեցին այս հարցը բախմանը, որը զարգացավ հետո: Եղավ ապատեղեկատվության հոսք և հարձակում անձամբ իմ դեմ: Մենք դա թույլ չենք տա, քանի որ մենք պատասխանատվության զգացում ունեցող իշխանություն ենք, որը հանձնաժողովին կտա աշխատելու հնարավորություն: Հանձնաժողովի շրջանակներում կքննարկվեն նոր նյութերը, որով կամրապնդվեն մեր դիրքերը և վստահ եմ, կհասնենք այնպիսի համաձայնության, որն ընդունելի կլինի ադբեջանական և վրացական կողմերի համար՝ մեր պետական շահերից ելնելով»,- հայտարարել է արտաքին գործերի նախարարը:
Էլմար Մամեդյարովը Թբիլիսի էր այցելել հոկտեմբերի 24-ին: Այն ժամանակ Դավիթ Զալկալիանին և Էլմար Մամեդյարովը զրուցեցին Դավիթ Գարեջիի մասին համատեղ մամլո ասուլիսի վերաբերյալ: