Դավիթ Մաթիկաշվիլի. Դոնալդ Թրամփի նամակից դատելով՝ ինչպես հասկանում ենք, սկսվել է վրաց-ամերիկյան հարաբերությունների կարգավորման նոր փուլ
ԱՄՆ նախագահի նամակից դատելով՝ ինչպես հասկանում ենք, սկսվել է վրաց-ամերիկյան հարաբերությունների կարգավորման նոր փուլ», – այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Դավիթ Մաթիկաշվիլին։
Մաթիկաշվիլին մեկնաբանել է Վրաստանի վարչապետին ուղղված ԱՄՆ նախագահի նամակը։
Պատգամավորի գնահատմամբ՝ Թրամփի վարչակազմի և Վրաստանի իշխանությունների քաղաքական ուղերձները համընկնում են միմյանց հետ։
«Միացյալ Նահանգների նախագահը շնորհակալություն է հայտնել մեր երկրի վարչապետին Անկախության օրվա շնորհավորանքի համար, և այնտեղ կային ընդգծված ուղերձներ, որոնք կարելի է ընթերցել այս նամակից։ Այն քաղաքական ուղերձները, քաղաքական փիլիսոփայությունը, որն ունեն Թրամփի վարչակազմն ու Վրաստանի իշխանությունները, շատ մեծ տոկոսով համընկնում են միմյանց հետ, ինչի մասին հայտարարություններ են արվել նաև Վրաստանի իշխանություններում։ Նամակից զատ մենք տեսնում ենք նաև այլ դրական ուղերձներ հարաբերությունների կարգավորման տեսանկյունից. Վրաստանի փոխվարչապետը, ով արտաքին գործերի նախարարն է, գտնվում է Վաշինգտոնում, որտեղ մասնակցում է շատ կարևոր միջոցառումների։ Այս հարաբերությունները պատվիրակությունների փոխանակմամբ անցնում են ևս մեկ նոր փուլ։ Այնպես որ, բնականաբար, մեր այսօրվա իրողության պայմաններում քաղաքական հարաբերությունների կարգավորման վեկտորն իսկապես Միացյալ Նահանգների կողմում է։ Մենք բաց ենք հարաբերությունների համար, բազմիցս հայտարարել ենք և այսօր էլ միանշանակ հայտարարում ենք, որ նոր ճանապարհային քարտեզով, մաքուր էջից պատրաստ ենք Միացյալ Նահանգների հետ վերականգնել, ավելի ճիշտ՝ նորից սկսել իսկական, ճշմարիտ, երկու ազգերի համար շոշափելի ու փոխընդունելի ռազմավարական գործընկերությունը, քանի որ այն գործընկերությունը, որը գոյություն ուներ մինչ այժմ, մեծ մասամբ միայն թղթի վրա էր, և դրա իրացումը իրական կյանքում տեղի չէր ունենում», – հայտարարել է Մաթիկաշվիլին։
Ի գիտություն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և շնորհակալություն հայտնել Ամերիկայի անկախության 250-ամյա հոբելյանը շնորհավորելու համար։ Թրամփը նամակում նշում է. «Ինքնիշխանության, անվտանգության և տևական բարօրությանն աջակցելու համար համատեղ աշխատանքով մենք կարող ենք զգալի առաջընթացի հասնել։ Անհամբերությամբ սպասում եմ մեր համագործակցության ամրապնդմանը, որպեսզի միասին ընթանանք դեպի առավել անվտանգ, բարգավաճ և խաղաղ ապագա»։