Դատախազությունը ստորացնող և ոչ մարդկային վերաբերմունքի փաստով ձերբակալել է Մառնեուլիի քաղաքապետին, իսկ նույն քաղաքացուն ծեծի ենթարկելու փաստով քրեական հետապնդում է սկսվել խորհրդարանի անդամ Ազեր Սուլեյմանովի և ևս երկու անձի նկատմամբ
Դատախազությունը ստորացնող և ոչ մարդկային վերաբերմունքի փաստով ձերբակալել է Մառնեուլիի քաղաքապետին, իսկ նույն քաղաքացուն ծեծի ենթարկելու փաստով քրեական հետապնդում է սկսվել խորհրդարանի անդամ Ազեր Սուլեյմանովի և ևս երկու անձի նկատմամբ

Վրաստանի դատախազության և ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից, Մառնեուլիում, քաղաքացի Էլչին Ալախվերդիևի նկատմամբ իրականացված ստորացնող և ոչ մարդկային վերաբերմունքի փաստով մեղադրյալի կարգավիճակով ձերբակալվել է Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետ Թեմուր Աբազովը, իսկ նույն քաղաքացուն ծեծի ենթարկելու փաստով քրեական հետապնդում է սկսվել, «ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Ազեր Սուլեյմանովի, Մառնեուլիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի անդամ «վրացական երազանքից» Ռամին Ալախվերդիևի և Մառնեուլիի քաղաքապետի բարեկամ՝ Է. Գ.-ի նկատմամբ,- այս մասին լրատվությունը տարածում է դատախազությունը:

«Գործով իրականացրած հետաքննությամբ պարզվել է, որ 2018 թ. հունիսի 10-ին, Էլչին Ալախվերդիևը գտնվում էր Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայում բողոքի ցույցին, որտեղ Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետ Թեմուր Աբազովի վրա բարկացած, ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ եթերի միջոցով իրականացրել է միացում, որի ժամանակ անպատվություն է հասցրել Թեմուր Աբազովի կնոջը: Նույն օրը, գիշերվա ժամերին նրան զանգահարել է «միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Ռագիմ Ասկերովը և խնդրել  հանդիպել իր հետ: Ասկերովի խնդրանքով հանդիպումը տեղի է ունեցել «ազգային շարժման» Մառնեուլիի գրասենյակում, որը գտնվում է Մառնեուլիում, Ռուսթավելիի պողոտայում: Գրասենյակում գտնվում էին նաև «միասնական ազգային շարժման» պատգամավոր Ազեր Սուլեյմանովը, Մառնեուլիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի «վրացական երազանքի» անդամ Ռամին Ալախվերդիևը, Մառնեուլիի քաղաքապետի բարեկամ Է. Գ.-ն և այլ անձինք: Խորհրդարանի անդամ Ազեր Սուլեյմանովը Էլչին Ալախվերդիևից պահանջել է պարզաբանել, թե ում ցուցմունքով է նա իրականացրել վերոնշյալ ուղիղ միացումը, որից հետո Ազեր Սուլեյմանովը, Ռամին Ալախվերդիևը և քաղաքացի Է. Գ.-ն Էլչին Ալախվերդիևին հասցրել են ֆիզիկական անպատվություն: Դրանից հետո, Էլչին Ալախվերդիևին, Մառնեուլիի սակրեբուլոյի անդամներ՝ Ջեյխուն Չոյդարովը և Ռամին Ալախվերդիևը տարել են Մառնեուլիում գտնվող ռեստորաններից մեկի մոտ, որտեղ նրանց սպասում էր Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետ Թեմուր Աբազովը: Հանդիպելուն պես, Աբազովը թքել է Էլչին Ալախվերդիևի դեմքին և հասցրել է ֆիզիկական անպատվություն, որից հետո ստիպել է միանալ ֆեյսբուքի ուղիղ եթերին, ներողություն խնդրել և անպատվություն հասցնել սեփական կնոջը, իսկ վերջում Մառնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովը, բռնությամբ, արժանապատվության խախտման սպառնալիքով Էլչին Ալախվերդիևին ստիպել է միզել բաժակում և լվալ դեմքը:

Թեմուր Աբազովը ձերբակալվել է Վրաստանի ՔՕ 143-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» և «է» ենթամասերով, որի համար պատիժը սահմանվում է 5-ից 10 տարի ազատազրկմամբ: Ռամին Ալախվերդիևի և քաղաքացի Է. Գ.-ի նկատմամբ Վրաստանի ՔՕ 126-րդ հոդվածի 11-րդ մասի «բ» ենթամասով ներկայացված մեղադրանքը նախատեսում է մինչև երկու տարի ազատազրկում:

Վրաստանի խորհրդարանի անդամ Ազեր Սուլեյմանովի նկատմամբ կայացված որոշմամբ, նրան ներկայացվել է մեղադրանք Վրաստանի ՔՕ 126-րդ հոդվածի 11-րդ մասի «բ» ենթամասով, որը նախատեսում է մինչև երկու տարով ազատազրկում:

Գործով ընթանում են ինտենսիվ միջոցառումներ հանցանքին այլ անձանց մասնակցությունը հաստատելու նպատակով»,-նշված է դատախազության հայտարարությունում: