Դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել ծանրացուցիչ հանգամանքներում սպանության, ընտանեկան բռնության և ոստիկանի սպանության փորձի համար
Դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել ծանրացուցիչ հանգամանքներում սպանության, ընտանեկան բռնության և ոստիկանի սպանության փորձի համար

Վրաստանի գլխավոր դատախազությունը Քարելիի մունիցիպալիտետի Բեբնիսի գյուղում կատարված ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության, ընտանիքում բռնության, ոստիկանների կյանքի վրայի հարձակման փորձի և ոստիկանների ծառայողական տրանսպորտային միջոցի վրա հարձակման դեպքերի համար մեկ անձի մեղադրանք է առաջադրել։

«Ներքին գործերի նախարարության կողմից կատարված քննությամբ պարզվել է, որ ընթացիկ տարվա օգոստոսի 7-ին Քարելիի մունիցիպալիտետի Բեբնիսի գյուղում, վիճաբանության հիման վրա, վրեժխնդրության շարժառիթով, մեղադրյալը որսորդական հրացանից կրակել է մեկ անձի վրա։ Վերջինս տեղում մահացել է։ Կրակոցների հետևանքով մեղադրյալը նաև դիտավորությամբ վտանգ է ստեղծել այնտեղ գտնվող այլ անձի կյանքի և առողջության համար։

Դիտավորյալ սպանության վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա ծառայողական ավտոմեքենաներով Բեբնիսի գյուղ են ժամանել իրավապահները։ Մեղադրյալը որսորդական հրացանից կրակոցով վիրավորել է երկու ոստիկանների, մեկի գլխի հատվածին ուղղել է հրացանը և փորձել կրակել։ Կրակոցների հետևանքով մեղադրյալը վնասել է ՆԳՆ-ի բաժնի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենան։ Սպանությունից հետո մեղադրյալը նաև ֆիզիկական վնաս է հասցրել իր հորը։

Մեղադրյալին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «բ» ենթակետով (դիտավորյալ սպանություն այնպիսի միջոցով, որը դիտավորությամբ վտանգ է ստեղծում այլ անձի կյանքի կամ առողջության համար), 126¹ հոդվածի 1-ին մասով (ընտանիքում բռնություն), 353¹ հոդվածի 1-ին մասով (ոստիկանի տրանսպորտային միջոցի վրա հարձակում՝ պաշտոնեական գործունեության հետ կապված) և 19-353¹ հոդվածի 3-րդ մասով (ոստիկանի կյանքի վրայի հարձակման փորձ՝ պաշտոնեական գործունեության հետ կապված), որոնք նախատեսում են ազատազրկում մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դատարան կդիմի մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը կալանք ընտրելու միջնորդությամբ», – նշված է գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։