Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Ճավճավաձեի պողոտայում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվածին, որը նախատեսում է 16-ից 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում
Վրաստանի դատախազությունը Թբիլիսիում ձերբակալված Գելա Ուձիլաուրիին մեղադրանք է առաջադրել ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու մեջ։ Գործը վերաբերում է մարտի 14-ին Ճավճավաձեի պողոտայում տեղի ունեցած սպանությանը։
«ՆԳՆ կատարած քննությամբ պարզվել է, որ 2025 թվականի մարտի 14-ին՝ ժամը 23:30-ին, մեղադրյալը Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի պողոտայի մարդաշատ վայրում հրազենից մի քանի անգամ կրակել է Լ. Ջ.-ի և Գ. Չ.-ի ուղղությամբ։ Կրակոցների ժամանակ վտանգ է սպառնացել նաեւ մոտակայքում գտնվող մյուս քաղաքացիների կյանքին ու առողջությանը։ Ստացած բազմաթիվ վնասվածքների հետեւանքով Լ. Ջ.-ն մահացել է, իսկ Գ. Գ.-ն հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Հանցագործությունը կատարելուց հետո մեղադրյալը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Իրավապահները ամբաստանյալին ձերբակալել են մարտի 17-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 19.109 հոդվածի «բ» և «լ» ենթակետերով (դիտավորությամբ սպանության փորձ երկու անձի նկատմամբ՝ այլոց կյանքը և առողջությունը վտանգող միջոցներով) և 236 հոդվածի երրորդ և չորրորդ մասերով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը և կրելը), որը նախատեսում է ցմահ ազատազրկում կամ 20 տարի ժամկետով։
«Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությամբ»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։
Գերատեսչության տվյալներով՝ քրեական գործի հետաքննությունը ՆԳՆ-ում շարունակվում է։