Դարիալիի սահմանային անցակետում մնացած 65 Ուկրաինայի քաղաքացիներ վերադարձել են հայրենիք
Վրաստանի Ներքին գործերի նախարարության և ուկրաինական կողմի միջև երկարատև և բազմակողմ բանակցությունների արդյունքում, «Դարյալ» սահմանային անցակետում գտնվող Ուկրաինայի 65 քաղաքացի կամավոր՝ չարտերային չվերթով, երրորդ երկրի միջով վերադարձել է հայրենիք։ Այս մասին հայտնում է ՆԳՆ։
Նախարարության տվյալներով՝ Ներքին գործերի նախարարությունն ապահովել է Ուկրաինայի քաղաքացիների տեղափոխումը «Դարյալ» սահմանային անցակետից դեպի Թբիլիսիի միջազգային օդանավակայան, որտեղ նրանք փոխանցվել են Ուկրաինայի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։ Վերջիններս ապահովել են ուկրաինացի քաղաքացիների նստեցումը օդանավում և ուղեկցել նրանց չարտերային չվերթով ճանապարհին։
«Նշենք, որ Վրաստանի պետական սահմանի մոտ դեռ մնում է որոշակի քանակությամբ անձանց խումբ, որոնց հայրենիք անվտանգ, կազմակերպված և կամավոր վերադարձի հարցով վրացական կողմը շարունակում է ինտենսիվ բանակցությունները ուկրաինական կողմի և միջազգային կազմակերպությունների հետ։
Հույս ենք հայտնում, որ սահմանին մնացած անձանց վերաբերյալ գործընթացը այլևս չի ձգձգվի, և նրանք մոտ ժամանակում կկարողանան վերադառնալ իրենց հայրենիք։
Վրաստանի ՆԳՆ-ն ևս մեկ անգամ հայտարարում է իր լիարժեք պատրաստակամության մասին՝ իրականացնել իր իրավասությանն առնչվող բոլոր համապատասխան միջոցառումները և աջակցել ուկրաինական կողմին՝ Վրաստանի պետական սահմանի մոտ գտնվող անձանց հայրենիք վերադարձնելու գործընթացում։
Ինչպես հայտնի է հանրությանը, «Դարյալ» սահմանային անցակետի այսպես կոչված չեզոք գոտում Ռուսաստանի Դաշնությունից եկած 87 անձ է գտնվել, որոնք պահանջել են հատել Վրաստանի պետական սահմանը ոչ վավեր փաստաթղթերով՝ հայտնելով, որ Ուկրաինայի քաղաքացիներ են։ Պետական անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրանց մերժվել է մուտքը երկիր, քանի որ նրանք բոլորը ծանր քրեական անցյալ ունեն և մի քանի անգամ դատապարտված են եղել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար։ Բացի այդ, նրանք չունեին սահմանի հատման համար անհրաժեշտ վավեր փաստաթղթեր և չէին բավարարում Վրաստանի պետական սահմանի հատման չափանիշներին։
Նախորդ ամիսների ընթացքում վրացական կողմը բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ է անցկացրել ինչպես Վրաստանում Ուկրաինայի դեսպանատան, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս հարցի կարգավորման նպատակով օգտագործվել է նաև ոստիկանության կցորդների ցանցը, որի շրջանակներում կապ է հաստատվել Ուկրաինայում Վրաստանի ոստիկանության կցորդի և Ուկրաինայի ՆԳՆ-ի միջև։
Վրաստանի ՆԳՆ-ն, Արտաքին գործերի նախարարության և բոլոր համապատասխան պետական գերատեսչությունների հետ համատեղ, իր լիազորությունների շրջանակում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ մի կողմից ապահովելու Վրաստանի քաղաքացիների անվտանգությունը, և մյուս կողմից՝ չեզոք գոտում մնացած անձանց շուտափույթ վերադարձը հայրենիք», – նշված է ՆԳՆ-ի տարածած տեղեկատվությունում։