CNN-ի հաղորդմամբ՝ Դոնալդ Թրամփը չի նախատեսում մեկնել Թուրքիա՝ մասնակցելու Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին

11:22, 15.05.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի նախատեսում մեկնել Թուրքիա՝ մասնակցելու Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներին։

Նախկինում Թրամփը չէր բացառել իր հնարավոր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք բանակցություններին՝ նշելով. «Վաղվա օրն ամբողջությամբ հագեցած է, բայց պատրաստ եմ փոխել գրաֆիկը, որպեսզի փրկեմ կյանքեր»։

Նշենք, որ Թրամփն այժմ գտնվում է Մերձավոր Արևելքում պաշտոնական այցով։ Նա մայիսի 13-ին այցելել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադ, 14-ին եղել է Կատարում, իսկ հանդիպումները կավարտի մայիսի 15-ին Արաբական Միացյալ Էմիրություններում։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ստամբուլում բանակցություններին Ռուսաստանի պատվիրակության կազմի մասին։ Ցուցակից պարզ է դառնում, որ Պուտինը անձամբ Թուրքիա չի մեկնի։

Նմանատիպ