Չինաստանի արտաքին գործերի նախարարություն. Չինաստանը ստուգում է տեղեկությունները Ուկրաինայում իր քաղաքացիների ձերբակալման վերաբերյալ
Չինաստանը ստուգում է տեղեկությունները Ուկրաինայում իր քաղաքացիների ձերբակալման վերաբերյալ, – այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանն։
«Չինական կողմը համապատասխան իրավիճակը ստուգում է ուկրաինական կողմի հետ։ Պետք է նշել, որ Չինաստանի կառավարությունն ի սկզբանե իր քաղաքացիներին հորդորել է խուսափել զինված բախումների գոտիներից և ցանկացած կերպ չմասնակցել ռազմական հակամարտություններին, հատկապես՝ որևէ բանակի ռազմական գործողություններին», – ասել է Լին Ցզյանը։
Միևնույն ժամանակ, Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ուկրաինայի հայտարարությունները՝ Չինաստանի քաղաքացիների մասնակցության մասին ռազմական գործողություններին, անհիմն են։
Նրա խոսքով՝ Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ հստակ է և լայնորեն ընդունված միջազգային հանրության կողմից։
«Ուկրաինան պետք է ճիշտ գնահատի Չինաստանի ջանքերն ու կառուցողական դերը Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորման որոնման գործընթացում», – ասել է Լին Ցզյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարեց, որ Դոնեցկի շրջանում ուկրաինացի զինվորականները գերի են վերցրել Չինաստանի երկու քաղաքացիների, որոնք կռվել են Ռուսաստանի բանակի կազմում։ Դրանից հետո Ուկրաինայի ԱԳՆ կանչել էր Չինաստանի ժամանակավոր հավատարմատարը՝ բացատրություններ տալու համար։