Չինաստանի արտաքին գործերի նախարարը խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության խախտումը

14:38, 15.06.2025

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել։

Վան Ին ասել է, որ Չինաստանը հրապարակավ արտահայտել է իր դիրքորոշումը Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո։

«Չինաստանը խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության խախտումը և կտրականապես դեմ է իրանցի պաշտոնյաների վրա հարձակումներին, որոնք քաղաքացիական անձանց շրջանում զոհերի պատճառ են դառնում։ Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները վտանգավոր նախադեպ են ստեղծել՝ հնարավոր աղետալի հետևանքներով։ Չինաստանը նաև կոչ է անում Իսրայելի վրա ազդեցություն ունեցող երկրներին գործել խաղաղությունը վերականգնելու համար», – ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Վան Ին ասել է, որ տարածաշրջանային իրավիճակը ներկայումս գտնվում է կրիտիկական և վճռական պահին։

«Չինաստանը պատրաստ է պահպանել կապը Իրանի և այլ համապատասխան կողմերի հետ՝ իրավիճակի լիցքաթափման գործում կառուցողական դեր խաղալու համար», – ասել է Վան Ին։ Իր հերթին, Աբբաս Արաղչին իր չինացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իսրայելի կողմից իրականացվող ռազմական գործողությունը շատ վտանգավոր է և կարող է ամբողջ տարածաշրջանը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ։

Բացի այդ, Արաղչին ասել է, որ իրանական կողմը պատրաստ է պահպանել կապը չինական կողմի հետ։

Նմանատիպ