Չինաստանը Ճապոնիայի դեսպանին կանչել է արտաքին գործերի նախարարություն և կոչ արել իր քաղաքացիներին չմեկնել Ճապոնիա
Չինաստանը Ճապոնիայի դեսպանին կանչել է արտաքին գործերի նախարարություն և կոչ արել իր քաղաքացիներին չմեկնել Ճապոնիա

Չինաստանը արտաքին գործերի նախարարություն է հրավիրել Ճապոնիայի դեսպանին և իր քաղաքացիներին կոչ արել՝ չմեկնել Ճապոնիա։ Այս մասին տեղեկացնում է «BBC»-ն։

Մեդիայի հաղորդմամբ՝ Չինաստանի և Ճապոնիայի միջև լարվածության պատճառը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիչիի հայտարարությունն է։

Ճապոնիայի խորհրդարանում անցած ուրբաթ տեղի ունեցած նիստի ընթացքում, երբ պատգամավորներից մեկը հարցրել է Տակայիչիին, թե Տայվանի հետ կապված որ հանգամանքները կարող են համարվել Ճապոնիայի «գոյության սպառնալիք», նա պատասխանել է․

«Եթե Չինաստանից լինի ռազմական նավերի և ուժի կիրառման փորձ, դա հնարավոր է դիտարկել որպես գոյության սպառնալիք»։

«Գոյության սպառնալիք» եզրույթը իրավական տերմին է Ճապոնիայի 2015 թվականի անվտանգության օրենքի համաձայն, որը վերաբերում է այն դեպքերին, երբ դաշնակիցների դեմ զինված հարձակումը էական վտանգ է ներկայացնում Ճապոնիայի համար։ Նման իրավիճակում Ճապոնիայի պաշտպանական ուժերը կարող են արձագանքել սպառնալիքին։

Ի պատասխան՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ճապոնիան «կրակի հետ է խաղում»։