Չինաստանը հերքում է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու մտադրությունը
Չինաստանը հերքում է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու մտադրությունը

Չինաստանի իշխանությունները հերքել են գերմանական մամուլի տարածած տեղեկատվությունը այն մասին, թե որոշ պայմաններում պատրաստ են մասնակցել Ուկրաինայում խաղաղապահ ուժերի տեղակայմանը։ Այս մասին հայտարարություն է արել Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ հետևողական և հստակ է», – հայտարարել են Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Մինչ այդ գերմանական մամուլը՝ հղում կատարելով եվրոպացի դիվանագետներին, տեղեկացրել էր, որ Չինաստանի կառավարությունում պատրաստակամություն են հայտնել մասնակցել Ուկրաինայի տարածքում խաղաղապահ կոնտինգենտի տեղակայմանը։ Ըստ նույն աղբյուրի՝ Չինաստանը նման քայլի կդիմի միայն այն դեպքում, եթե առաքելությունն ունենա ՄԱԿ-ի մանդատ։ Մամուլի տվյալներով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ինքը դեմ չէ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին և որպես այդ երաշխիքներ տրամադրող պետություն նշել է Չինաստանին։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Չինաստանը չի դիտարկվում Ուկրաինայի անվտանգության երաշխավորների շարքում։