Չարլզ III-ը և արքայազն Ուիլյամը ողջունել և զրուցել են թագուհուն հրաժեշտ տալու հերթում կանգնածների հետ
Լոնդոնում հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս եկել հրաժեշտ տալու թագուհի Եղիսաբեթ II-ին։ Մեծ Բրիտանիայի թագուհու մարմինը Վեսթմինսթերյան պալատում է և ցանկացած մարդ կարող է նրան հրաժեշտ տալ։ Ցանկացողներն այնքան շատ են, որ քաղաքացիները ստիպված են լինում 24-ժամյա հերթում կանգնել պալատ մտնելու համար։
Քիչ առաջ Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III-ը և արքայազն Ուիլյամն այցելել են քաղաքացիներին Լամբեթ պալատի մոտակայքում։ Նրանք ողջունեցին ու զրուցեցին նրանց հետ, ովքեր առավոտից հերթ էին կանգնել թագուհուն հրաժեշտ տալու համար։
Այս պահին Լոնդոն էին ժամանել նաև Ավստրալիայի և Կանադայի վարչապետները. Էնթոնի Ալբանեզը և Ջասթին Թրյուդոն եկան Վեսթմինսթերյան պալատ՝ հարգանքի տուրք մատուցելու թագուհու հիշատակին:
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին կհուղարկավորեն Ուինձորի ամրոցի տարածքում սեպտեմբերի 19-ին։ Թագուհու հուղարկավորության օրը Լոնդոնում ներկա կգտնվի 500 բարձրաստիճան քաղաքական գործիչ։