Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը նոր օրենք է ստորագրել, որն արգելում է բուլղարական դպրոցներում «ոչ ավանդական սեռական կողմնորոշման» վերաբերյալ կրթական ծրագրերը։ Այս որոշումն ընդունվել է՝ չնայած Եվրոպայի խորհրդի և քաղաքացիական հասարակության ակտիվիստների կոչերին։
Ըստ Երրոակտիվի՝ օրինագիծը նախաձեռնել է «Վերածնունդ» արմատական ռուսամետ կուսակցությունը և աջակցել GERB-ին, ինչպես նաև ռուսամետ ձախակողմյան BSP կուսակցությանը: Այն երկու ընթերցմամբ, արագացված կարգով, մեկ օրում ընդունվեց խորհրդարանի կողմից, իսկ այժմ նախագահի հավանությամբ ուժի մեջ է մտնում։
Նոր օրենքով ցանկացած կրթական ծրագիր, որը վերաբերում է «ոչ ավանդական սեռական կողմնորոշմանը», կդիտվի որպես «քարոզչություն»:
Օրենքը դարձել է միջազգային կազմակերպությունների սուր քննադատության առարկա։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլաերտին և Խորհրդարանական վեհաժողովի անդամ Բեատրիս Ֆրեսկո-Ռոլֆոն խորը մտահոգություն են հայտնել և Բուլղարիայի իշխանություններին կոչ են արել չեղարկել օրենքը: Բուլղարիայի խորհրդարանի կողմից հաստատված օրենքը քննադատության է ենթարկվել նաեւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կողմից։
Եվրոպական միության իրավահավասարության հարցերով հանձնակատար Հելենա Դեյլին հայտարարել է, որ հետաքննություն է սկսելու՝ պարզելու, թե արդյոք օրենքը խախտում է ԵՄ օրենսդրությունը։ Նա նամակ է հղել Բուլղարիայի կրթության նախարարին՝ խնդրելով լրացուցիչ պարզաբանումներ տրամադրել օրենքի բովանդակության և դրա իրականացման ուղիների վերաբերյալ։
Ինչպես նշում է «Եվրոակտիվ»-ը, Բուլղարիայում ընդունված օրենքը նման է 11 տարի առաջ Ռուսաստանում ներդրված օրենքին, որն արգելում է «միասեռականության քարոզչությունը» անչափահասների շրջանում։ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանը էլ ավելի է խստացրել իր օրենքները՝ փաստացի ընդհանրապես արգելելով «ոչ ավանդական սեռական հարաբերությունները»:
Չնայած Բուլղարիայի նախորդ խորհրդարանը մերժել էր նմանատիպ օրինագիծը, ներկայիս Ազգային ժողովը սատարել է այն։
Բուլղարիայի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ նախագահն արդեն հայտնել է իր դիրքորոշումը՝ ստորագրելով օրենքի հրապարակման մասին հրամանագիրը։