Բրյուսելի օդանավակայանում գործադուլի պատճառով նոյեմբերի 26-ին չվերթները կչեղարկվեն
Բրյուսելի օդանավակայանում աշխատակիցների գործադուլի պատճառով նոյեմբերի 26-ին չվերթները կչեղարկվեն։
Մասնավորապես, օդանավակայանի վարչակազմի տվյալներով՝ վաղը նախատեսված 203 մուտքային չվերթից 110-ը չեղարկվելու է։ Չեղարկվել են նաև ելքային չվերթներ։
Օդանավակայանի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ չեղարկված չվերթները վերաուղղելու հարցը կախված է ավիաընկերությունների որոշումից։
Բելգիայում նախատեսված համընդհանուր գործադուլին միանում են օդանավակայանի անվտանգության ծառայությունն ու գետնային սպասարկման անձնակազմը։ Քաղաքացիները բողոքում են կառավարության կողմից նախատեսված խստացված խնայողական միջոցներից։ Կառավարությունը, պետական պարտքի կրճատման նպատակով, նախատեսում է փոխել աշխատանքային օրենսդրությունը, կրճատել գործազրկության նպաստները և իրականացնել կենսաթոշակային համակարգի բարեփոխում։
Բելգիայում համընդհանուր գործադուլը կտարածվի նաև դպրոցների, բժշկական հաստատությունների և հասարակական տրանսպորտի վրա։