Բռնազավթված գիծը մեր հասարակության դժբախտությունն է, Ռուսաստանը սողացող բռնազավթմամբ արդեն Թբիլիսիից 30 կիլոմետրում է. Սալոմե Զուրաբիշվիլի
Բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակը ծանր է և գնալով վատթարանում է,- այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին ելույթ ունենալիս:
Ինչպես նա նշել է, բռնազավթված գիծը մշտապես փոխվում է: Նախագահը խոսել է նաև անցակետերի փակման խնդրի մասին, ինչը սահմանափակում է Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանների բնակչության տեղաշարժը:
«Ռուսաստան-Վրաստան պատերազմից անցել է 12 տարի և մեր տարածքի 20 տոկոսը դեռևս բռնազավթված է: Բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակը ծանր է և գնալով վատթարանում է: Բռնազավթված գիծը անընդհատ փոխվում է, և անցակետերը հաճախ փակվում են, զրկելով Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանների բնակչությանը տեղաշարժվելու իրավունքից: Սեպտեմբերից փակ է Ցխինվալի անցակետը, ինչը հաճախ ավարտվում է մարդկային ողբերգությամբ: Օրինակ, Մարգո Մարտիաշվիլիի մահը: Նրան թույլ չեն տվել բժշկական օգնություն ստանալու նպատակով անցնել Վրաստանի իշխանությունների կողմից վերահսկվող տարածք»,- ասել է Նախագահը:
Իր ելույթում, Սալոմե Զուրաբիշվիլին ընդգծել է բռնազավթված տարածքներում քաղաքացիների իրավունքների սահմանափակման խնդիրը և խոսել բաժանված գյուղերի մասին: Բացի այդ նա նշել է մարդկանց առևանգման փաստը, այդ թվում բռնազավթիչ ռեժիմի կողմից բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիի կալանավորումը:
Նրա խոսքով, հատկանշական է, որ տեղում սահմանափակված է իրավիճակի մոնիտորինգը, քանի որ Ռուսաստանը թույլ չի տալիս Եվրամիության դիտորդական առաքելությանը մուտք գործել բռնազավթված տարածքներ: Վրաստանի նախագահի հայտարարությամբ, դա 2008 թվականի հրադադարի մասին համաձայնագրի խախտում է:
Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է նաև Վրաստանի կառավարության խաղաղարար նախաձեռնության մասին, և նշել, որ Վրաստանի իշխանությունների խաղարարար նախաձեռնությունը ուժ չկիրառելու վերաբերյալ մնացել է անպատասխան:
Բացի այդ, նախագահն անդրադարձել է գործող բանակցային ձևաչափերին և նշել, որ դրանք հուսալի չեն:
Նախագահը կարծում է, որ այս իրավիճակից միակ ելքը դիվանագիտությունն է: Ինչպես նա նշել է, Վրաստանի կառավարության նպատակը քաղաքացիների բարեկեցությունն ու անվտանգությունն է: