Բրիտանական քաղաքներում միգրացիայի դեմ լայնածավալ բռնի գործողությունների պատճառով երկրի կառավարությունը արտակարգ նիստ է անցկացրել
Բրիտանական քաղաքներում միգրացիայի դեմ լայնածավալ բռնի գործողությունների պատճառով երկրի կառավարությունը արտակարգ նիստ է անցկացրել

Բրիտանական քաղաքներում միգրացիայի դեմ լայնածավալ բռնի գործողությունների պատճառով երկրի կառավարությունը արտակարգ նիստ է անցկացրել։

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Իվետ Քոփերը բողոքի ակցիաներին մասնակցող հանցագործություններ կատարած քաղաքացիներին սպառնացել է պատասխանատվությամբ։

«Մեր որոշ քաղաքներում մենք տեսել ենք հանցավոր բռնության ու կողոպուտի ողբալի տեսարաններ։ Նման պահվածքի համար արդարացում չկա: Ոստիկանների վրա աղյուսներ նետելը, մզկիթների վրա հարձակումը, խանութները թալանելը բացարձակապես ամոթալի, հանցավոր վարքագիծ էր, և մենք պետք է հստակ լինենք, կլինի հատուցում։ Այս հանցագործները կվճարեն դրա գինը: Արդեն հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել։ Նաև, հստակ խնդիրներ կան սոցիալական մեդիայի շուրջ, սոցիալական մեդիան հանդես է եկել որպես ապատեղեկատվության տարածման, ինչպես նաև այս բռնության կազմակերպման խթանիչ: Սոցիալական մեդիա ընկերությունները պետք է որոշակի պատասխանատվություն ստանձնեն, մենք նաև պետք է համոզվենք, որ առցանց հանցավոր գործունեությունը պատժելի է: Կարծում եմ, որ իսկապես կարևոր է, որ մեզանից ոչ ոք չմոռանա, որ ավազակների այս փոքրամասնությունը չի խոսում Բրիտանիայի անունից»,- ասել է Իվետ Քոփերը։

Տեղեկության համար՝ անկարգությունները կապված են Մեծ Բրիտանիայի Սաութպորտ քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ անչափահասը սառը զենքով հարձակվել է մանկական պարարվեստի դպրոցի կազմակերպած միջոցառման մասնակիցների վրա։ Երեք անչափահաս աղջիկ է սպանվել: Եվս ութ երեխա վիրավորվել է։

Չարագործը Քարդիֆում ծնված, Ռուանդայի ծագումով 17-ամյա երիտասարդ է: Միջադեպից հետո Մեծ Բրիտանիայի շատ քաղաքներում հակամիգրանտների բողոքի ցույցեր են սկսվել։