Բրիտանացի, ֆին և շվեդ զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել
Բրիտանացի, ֆին և շվեդ զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել: Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ «Vigilant Knife» կոչվող զորավարժությունը կօգնի երեք երկրների ուժերին առավել արդյունավետ լինել մարտում։ Զորավարժությունները անցկացվել են անցյալ շաբաթ Ֆինլանդիայի հյուսիսային հատվածում։
«Քանի որ Եվրոպայում պատերազմ է մոլեգնում, ավելի քան երբևէ կարևոր է, որ մենք ամրապնդենք մեր միջազգային գործընկերությունը: Մենք ողջունում ենք Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտը ՆԱՏՕ-ին միանալու վերաբերյալ և կշարունակենք համատեղ զորավարժությունները, որպեսզի պատրաստ լինենք դիմակայելու ընդհանուր անվտանգության մարտահրավերներին։ «Vigilant Knife» ուսուցումը անգնահատելի հնարավորություն է Մեծ Բրիտանիայի զինվորականների համար՝ զարգացնելու սառը եղանակին մարտական հմտություններն ու փորձը», – ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը:
Ինչպես նշում է Բրիտանիայի հանրային հեռարձակողը, այս տարվա մայիսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր է ստորագրել Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ։
Ուկրաինայում ռուսական միջամտության սկսվելուց հետո Շվեդիան և Ֆինլանդիան հայտ են ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Դաշինքի 30 անդամներից երկու հյուսիսային երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը վավերացրել է 23 անդամ։ Թուրքիան համաձայնում է վավերացմանը միայն Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելուց հետո, մասնավորապես՝ Անկարան պահանջում է արտահանձնել ահաբեկչության մեջ կասկածվող անձանց։