«Բորջոմի» ընկերության աշխատակիցները շարունակում են բողոքը։ Նրանք բողոքում են նոր պայմանագրերի պայմանների ու աշխատակիցներին կրճատելու ընկերության որոշման դեմ։
Աշխատակիցներին հանդիպեց Ագրարային, առևտրի և արդյունաբերության աշխատողների արհմիության ներկայացուցիչ Գիորգի Դիասամիձեն։ Գիորգի Դիասամիձեի խոսքով՝ արհմիությունները աշխատակիցների հետ վեճը կշարունակեն դատարանում։ Նրա խոսքով, 21-օրյա միջնորդական գործընթացում, մինչև բանակցությունների ավարտը, գործարանի վերագործարկման դեպքում աշխատակիցները կշարունակեն աշխատել։
«Մենք պատրաստվում ենք շարունակել աշխատանքը երկու ուղղությամբ: Մեկ՝ մենք դատական հայց կներկայացնենք, քանի որ կարծում ենք, որ ընկերության՝ աշխատակիցներին կրճատելու որոշումը անօրինական է։ Երկրորդ ուղղությունը միջնորդության գործընթացն է։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները բանակցելու համար։ Քանի դեռ գործում է միջնորդության գործընթացը, աշխատողները, եթե գործարանը վերսկսի աշխատանքը, վերադառնում են աշխատավայր, դա իրենց պարտականությունն է։ Մենք շարունակում ենք պայքարը: Նոր պայմանագրերը անժամկետ են: Ընդհանրապես, անժամկետ պայմանագրերը միշտ էլ ավելի լավն են, բայց այստեղ անընդունելի պայմաններ կան աշխատողների համար, սա ավելի վատ պայմաններով պայմանագիր է։ Այդ մարդիկ պատրաստ են երեք ամիս աշխատել վատթարացող պայմաններում, մինչև ընկերությունը կհաղթահարի ճգնաժամը, իսկ դրանից հետո այդ մարդիկ պահանջում են աշխատել հին պայմանագրով։ Բողոքը կշարունակվի և 21 օր հետո ավելի լայն մասշտաբներ կստանա, եթե բանակցությունները համաձայնությամբ չավարտվեն»,- ասել է Ագրարային, առևտրի և արդյունաբերության աշխատողների արհմիության նախագահ Գիորգի Դիասամիձեն։