Բորիս Պիստորիուս. Գերմանիան դեռևս չի կարող Patriot համակարգեր մատակարարել Ուկրաինային

19:31, 07.11.2026

Գերմանիան չի կարող Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել Ուկրաինային,- հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ Patriot-ների մատակարարումը Ուկրաինային վտանգ է ներկայացնում սեփական հակաօդային պաշտպանության համակարգի կրիտիկական թուլացման համար։

«Մատակարարումը, մասնավորապես Patriot համակարգերի, դժվարություններով է ընթանում։ Գերմանիան արդեն մատակարարել է մի քանի համակարգեր և բազմաթիվ կառավարվող հրթիռներ։ Մենք հիմա ավելին չենք կարող անել։ Այն, ինչ մենք հիմա մատակարարում ենք, ժամանակավորապես չենք կարողանա փոխհատուցել։ Սա մեր պաշտպանության մեջ բացեր կստեղծի, որոնք մենք չենք կարող թույլ տալ», – հարցազրույցում ասել է Պիստորիուսը։

Նրա խոսքով՝ այլ երկրները «զգալիորեն ավելի փոքր ներդրում են ունեցել», ուստի Բեռլինը իր գործընկերներից ավելի ակտիվ գործողություններ է ակնկալում։

Գերմանիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ այս հարցը պետք է մանրամասն քննարկվի Ուկրաինայում պաշտպանության հարցերով շփման խմբի հաջորդ հանդիպման ժամանակ, որը կկայանա նոյեմբերի կեսերին։

Պիստորիուսը կասկածներ է հայտնել Ուկրաինայում արագ հրադադարի հեռանկարների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Պիստորիուսը նշել է, որ հույս ունի, որ Մոսկվան չի հասնի իր նպատակներին։

«Ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կկարողանա ձմռանը պատերազմի ընթացքը շրջել իր օգտին՝ քաղաքացիական թիրախների վրա օդային հարվածներով։ Ռուսաստանի զինված ուժերը ցամաքում առաջընթաց չեն գրանցում, և նրանց կորուստները հսկայական են՝ ամսական 30,000-ից 40,000 զինվոր», – ավելացրեց Բորիս Պիստորիուսը։

Նշենք, որ Գերմանիան մնում է Ուկրաինայի ամենամեծ եվրոպական դոնորը։ Գերմանիայի դաշնային կառավարության տվյալներով՝ լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Բեռլինը Կիևին ուղարկել է մոտ 43.3 միլիարդ եվրո մարդասիրական օգնություն և 57.6 միլիարդ եվրո ռազմական օգնություն (ներառյալ ապագա տարիների համար նախատեսված միջոցները)։

Նմանատիպ