Բորիս Ջոնսոնն ասում է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները նույնական չեն լինի ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին, սակայն արևմտյան երկրները կարող են զենքի աջակցություն առաջարկել
Ուկրաինային ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի նման երաշխիքներ չեն տրվի,- «BBC»-ի փոխանցմամբ՝ Հնդկաստան կատարած այցի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Ջոնսոնն ասել է, որ անհրաժեշտ է երկարաժամկետ տեսլական մշակել Եվրոպայի ապագա անվտանգության ճարտարապետության մեջ Ուկրաինայի տեղի համար: Նա ասել է, որ արևմտյան գործընկերները պետք է պատասխանեն Ուկրաինայի՝ անվտանգության երաշխիքների պահանջներին՝ ապագայում Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակումներից խուսափելու համար։ Նա նշել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները նույնական չեն լինի ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին, թեև արևմտյան երկրները կարող են աջակցություն առաջարկել զենքի, զորավարժությունների և հետախուզության փոխանակման միջոցով:
«Հուսով եմ, որ դա թույլ կտա ուկրաինացիներին փորձել զսպել և համոզվել, որ իրենց տարածքն այնքան ամրացված է, որ այն անառիկ կլինի Ռուսաստանի կողմից հետագա հարձակումներից», – ասել է Ջոնսոնը:
Միաժամանակ, Ջոնսոնի խոսքով, Բրիտանիան այժմ ցանկանում է տանկեր ուղարկել Լեհաստան, որպեսզի Վարշավան կարողանա խորհրդային «T-72» տանկերը մատակարարել Ուկրաինային։ Նա նաև նշել է, որ հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիան կվերսկսի Կիևում դեսպանատան աշխատանքը։