Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կդադարեցնի կախվածությունը ռուսական նավթից և գազից
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է դադարեցնել կախվածությունը ռուսական նավթից և գազից։ Այդ մասին հաղորդում է «BBC»-ն։
Ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանում՝ Ջոնսոնն ասել է, որ երկրի կառավարության առաջնահերթությունները պետք է լինեն երկարաժամկետ, քանի որ ռուսական ագրեսիայի տնտեսական ցնցումները ազդում են Բրիտանիայի վրա։
Բորիս Ջոնսոնի խոսքով՝ անապահով ընտանիքներին կառավարության աջակցությունը կօգնի «վերջացնել կախվածությունը Պուտինի նավթից ու գազից և երկարաժամկետ հեռանկարում էներգիան ավելի էժանացնել»։
Բրիտանական կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրի էներգետիկան կդառնա էկոլոգիապես ավելի մաքուր և անվտանգ՝ օգտագործելով քամու էներգիան և կառուցելով նոր միջուկային ռեակտորներ։
Ջոնսոնն ասել է, որ ինքը համոզել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որ Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները որոշել են Ուկրաինային տրամադրել այն սպառազինությունը, որն անհրաժեշտ է Ռուսաստանի հարձակմանը դիմակայելու համար։
Ջոնսոնն ասել է, որ իր նպատակն է ուժեղացնել Ուկրաինան այն աստիճան, որ Ռուսաստանը երբեք չի համարձակվի ներխուժել: