Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին հանդիպել է չինական գործարար պատվիրակության անդամների հետ
Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին հանդիպել է Չինաստանի բիզնես պատվիրակության անդամների հետ։
Պատվիրակությանը, որի կազմում էին Չինաստանի խոշորագույն գինու դիստրիբյուտորական ընկերություններից մեկի՝ «Լիքուան Վայն» (Liquan Wine) ներկայացուցիչները, ղեկավարում էր Չինաստանում բնակվող գործարար, Վրաստանի քաղաքացի Սանդրո Բերիձեն (Իսիաո Ցզունի)։
Նախարարը շնորհակալություն է հայտնել բիզնես ոլորտի ներկայացուցիչներին վրացական գինով հետաքրքրվելու համար և ուշադրություն հրավիրել գինեգործության և խաղողագործության ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի վրա։
«Գինու ոլորտի աջակցությունն ու զարգացումը Վրաստանի կառավարության առաջնահերթություններից է։ Ինչպես գիտեք, գինին վրացական ինքնության մաս է կազմում, ուստի վրացական գինու նկատմամբ հետաքրքրությունը հատկապես կարևոր նշանակություն ունի։ Մենք պատրաստ ենք լիարժեք աջակցելու», – հայտարարել է Դավիթ Սոնղուլաշվիլին։
Ինչպես նշել է հանդիպման ընթացքում Սանդրո Բերիձեն, «Լիքուան Վայն» ընկերությունը Եվրոպական երկրներից Չինաստանի շուկա գինու խոշորագույն ներկրողներից է։ Այսօր վրացական գինին առանձնահատուկ ժողովրդականություն է վայելում Չինաստանի շուկայում, ինչը հանգեցրել է մատակարարման պահանջարկի աճին։ «Լիքուան Վայն» ընկերությունը հետաքրքրված է վրացական գինին իր պորտֆելի կարևոր մաս դարձնելու հարցում։
Նշենք, որ «Լիքուան Վայն» բարձր հեղինակություն ունեցող ընկերություն է, որը զբաղեցնում է ավելի քան 600 աշխատող, ունի 128 սերտիֆիկացված դեգուստատոր և տարեկան վաճառում է ավելի քան 12 միլիոն շիշ գինի։
Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունում կայացած հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Լաշա Դոլիձեն, Գինու ազգային գործակալության նախագահ Լևան Մեխուզլան և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը։