Bloomberg - Թրամփը Զելենսկուն և եվրոպացի առաջնորդներին ասել է, որ Պուտինը դեռևս ցանկանում է, որ Կիևը զիջի Լուգանսկի և Դոնեցկի ամբողջ շրջանների վերահսկողությունը
Bloomberg - Թրամփը Զելենսկուն և եվրոպացի առաջնորդներին ասել է, որ Պուտինը դեռևս ցանկանում է, որ Կիևը զիջի Լուգանսկի և Դոնեցկի ամբողջ շրջանների վերահսկողությունը

«Պուտինը դեռ ցանկանում է, որ Կիևը հրաժարվի Լուգանսկի և Դոնեցկի ամբողջ մարզերի վերահսկողությունից», – այս մասին Դոնալդ Թրամփը հայտնել է Վլադիմիր Զելենսկիին և եվրոպացի առաջնորդներին՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է «Բլումբերգը»՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ուկրաինայի նախագահը և եվրոպացի առաջնորդները զրուցել են Թրամփի հետ այն ժամանակ, երբ նա վերադառնում էր Ալյասկայից Վաշինգտոն՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո։

«Բլումբերգի» տվյալներով՝ չնայած նրան, որ հանդիպման ընթացքում պատերազմը դադարեցնելու ուղի ձեռք չի բերվել, Դոնալդ Թրամփը հանդիպումը որակել է որպես արդյունավետ և ակնարկել, որ հորդորում է Վլադիմիր Զելենսկիին գնալ համաձայնության։

«Բլումբերգի» աղբյուրի փոխանցմամբ՝ ինչպես ասել է Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ, ճիշտ է, Ուկրաինան ինքն է որոշելու, թե ինչ կանի իր տարածքների վերաբերյալ, սակայն Պուտինի դիրքորոշումը չի փոխվել – նա դեռ ցանկանում է, որ Կիևը հրաժարվի Ուկրաինայի արևելքում գտնվող ողջ Դոնբասի շրջանի վերահսկողությունից։

Բացի այդ, «Բլումբերգի» աղբյուրները նշում են, որ Ռուսաստանը կդադարեցնի հավակնությունները Զապորոժիեի և Խերսոնի այն հատվածների նկատմամբ, որոնք ներկայումս չի վերահսկում՝ դրանով իսկ սառեցնելով ճակատային գիծը այդ շրջաններում։

Զելենսկին բազմիցս բացառել է տարածքային զիջումների հնարավորությունը։

«Բլումբերգի» հետ անանունության պայմանով խոսած աղբյուրները նշում են, որ որոշ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ մտահոգված են, որ Թրամփը կարող է ճնշում գործադրել Զելենսկիի վրա՝ համաձայնության հասնելու համար տարածքային զիջումների միջոցով։