Bloomberg. Ռուսաստանը նախատեսում է 2026 թվականին ռազմական ծախսերը ավելացնել ևս 4-5 տրիլիոն ռուբլով
Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է այս տարի իր ռազմական ծախսերը ավելացնել ևս 4-5 տրիլիոն ռուբլով, ինչը մոտ 40%-ով ավելի է բյուջեում սկզբնապես սահմանված գումարից։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է լրացուցիչ միջոցներ հայթայթել հիմնականում ներքին շուկայից վարկեր վերցնելով։ Աղբյուրների համաձայն՝ խոսքը ներքին պարտքի լրացուցիչ 2-3 տրիլիոն ռուբլու մասին է։
Ինչպես գրում է Bloomberg-ը, փորձագետները նշում են, որ Ռուսաստանի ներկայիս բյուջեում առկա ներքին պարտքի սպասարկմանը հատկացվում է չորս տրիլիոն ռուբլի։ Սա դաշնային բյուջեի մոտ ինը տոկոսն է և ծախսերի հինգերորդ խոշորագույն կատեգորիան է՝ պաշտպանությունից, ազգային անվտանգությունից, սոցիալական քաղաքականությունից և տնտեսությունից հետո։
Bloomberg-ի տվյալներով՝ առանց լրացուցիչ վարկերի Ռուսաստանը չի կարողանա ֆինանսավորել իր ընթացիկ ծախսերը։ Գործակալության տվյալներով՝ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտն արդեն աճել է մինչև վեց տրիլիոն ռուբլի, որը կազմում է երկրի ՀՆԱ-ի մոտ 2.6%-ը և մոտ 60%-ով գերազանցում է ամբողջ տարվա նպատակային ցուցանիշը։
Բացի այդ, ինչպես հունիսի սկզբին գրել էր Bloomberg-ը, Ռուսաստանի ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչները Վլադիմիր Պուտինին զգուշացրել էին, որ պաշտպանական ծախսերը հանգեցնում են բյուջեի դեֆիցիտի վտանգավոր աճի: Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Պուտինը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը խնայողություններ կատարել բյուջեի այլ ոլորտների հաշվին՝ միաժամանակ չկրճատելով պաշտպանական ծախսերը: