Bloomberg - Ռուս բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ Վլադիմիր Պուտինը որոշել է ակտիվացնել Ուկրաինայի վրա հարձակումները Ալյասկայում Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո
Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահը որոշել է ուժեղացնել Ուկրաինայի վրա հարձակումները, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ռուս բարձրաստիճան պաշտոնյաներին։
Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում հանդիպումից և Ուկրաինայի կողմից Ռուսաստանի պայմանների մերժումից հետո Պուտինը որոշել է, որ ռազմական էսկալացիան լավագույն միջոցն է բանակցությունների ընթացքում Ուկրաինային ստիպելու ընդունել Ռուսաստանի պայմանները։ Հրատարակության համաձայն՝ Պուտինը նաև չի սպասում, որ Թրամփը որևէ էական միջոց կձեռնարկի Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելու համար։
«Պուտինը մտադիր է շարունակել Ուկրաինայի էներգետիկ ցանցի և այլ ենթակառուցվածքների վրա հարձակումները», – ասում են աղբյուրները։
Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում հանդիպման ժամանակ Պուտինին վստահեցրել են, որ Թրամփը հետաքրքրված չէ ռուս-ուկրաինական պատերազմին միջամտելով։
Bloomberg-ը՝ հղում անելով Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության տեղեկատվությանը, հաղորդում է, որ Թրամփի և Պուտինի բանակցություններից հետո մեկ ամսվա ընթացքում Ուկրաինայի վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածների թիվն աճել է մոտ 46%-ով։
Հրատարակության հետ զրույցում բարձրաստիճան ռուս պաշտոնյաները նշել են, որ Պուտինը նաև հետևում է Իսրայելի պատերազմին Ղազայում։ Ռուսաստանի առաջնորդը կարծում է, որ Նեթանյահուի գործողությունները Ղազայում շատ ավելի կոշտ են, քան Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում, և նշում է, որ նա մեծ մասամբ ընդունվել է ամերիկյան և եվրոպական կառավարությունների կողմից, ինչը մեղմացնում է նրանց քննադատությունը Մոսկվայի նկատմամբ։
«Ռուսաստանի առաջնորդը կշարունակի ցանկացած երկխոսություն Միացյալ Նահանգների հետ, բայց ապագայում նա նաև կանի այն, ինչ անհրաժեշտ կհամարի», – Bloomberg-ին ասել են աղբյուրները։