Bloomberg.Քեյր Սթարմերն այսօր Լոնդոնում կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ՝ Ուկրաինան հնարավոր ռուսական ագրեսիայից պաշտպանելու ծրագիր մշակելու համար

10:07, 08.12.2025

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը այսօր Լոնդոնում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ խաղաղ բանակցությունների վճռորոշ փուլում, որպեսզի մշակեն ծրագիր, որը կպաշտպանի Ուկրաինան Ռուսաստանի հնարավոր ագրեսիայից։

Bloomberg-ի տվյալներով՝ Դաունինգ սթրիթում կայանալիք բանակցություններին կմիանան նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Ինչպես գրում է Bloomberg-ը, Ուկրաինայի եվրոպացի աջակիցները հույս ունեն, որ եթե այս ձմեռ կարողանան շարունակել Կիևի աջակցությունը, ապա Ռուսաստանի տնտեսական դժվարությունները 2026-ին կխորանան, և Պուտինը կկորցնի մանևրելու լծակները խաղաղ բանակցություններում։

Բացի այդ, հրապարակման մեջ նշվում է, որ կիրակի օրը Սթարմերը զրուցել է Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շուֆի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է շարունակել միջազգային աջակցությունը Ուկրաինայի պաշտպանության համար և կրկին ընդգծել են, որ Ուկրաինայի անվտանգությունը կենսական նշանակություն ունի Եվրոպայի անվտանգության համար։

Մեդիայի հաղորդմամբ՝ ուկրաինացիներն ու նրանց եվրոպացի դաշնակիցները մտահոգված են այն փաստով, որ ԱՄՆ-ն չի նախատեսում Եվրոպայի ներգրավումը խաղաղ բանակցություններում։ Սա Ուկրաինային և Եվրոպային մղում է այն եզրակացության, որ Վաշինգտոնը անտեսել է նոյեմբերի 23-ին Ժնևում կայացած բանակցությունների արդյունքները՝ եվրոպացիների, ամերիկացիների և ուկրաինացիների մասնակցությամբ, որոնք նպատակ ունեին «խաղաղության պլանը» համահունչ դարձնել միջազգային իրավունքին և հանել դրանից առավել խնդրահարույց կետերը։

Նմանատիպ