«Bloomberg»–ը գրում է, որ եվրոպացի առաջնորդները պատրաստ են սպասել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հնարավոր հանդիպմանը Ստամբուլում՝ մինչև ԱՄՆ-ին նոր պատժամիջոցների հրահրումը
Եվրոպացի առաջնորդները պատրաստ են սպասել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների՝ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպմանը Ստամբուլում՝ մինչև ԱՄՆ-ը ձեռնարկի նոր պատժամիջոցների կիրառման քայլեր։ Այս մասին գրում է «Bloomberg»-ը՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներին։
Ինչպես նշվում է հոդվածում, ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների միջև անցկացված խորհրդակցություններից հետո պարզ է դարձել, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը ցանկանում է հնարավորություն տալ Զելենսկի-Պուտին բանակցություններին՝ մինչև ուժեղացնի ճնշումը Մոսկվայի վրա։
Հրապարակման համաձայն՝ եթե Պուտինը հրաժարվի Զելենսկու հետ հանդիպումից մայիսի 15-ին, կամ Ռուսաստանը չհամաձայնի անհապաղ և անվերապահ հրադադարի, եվրոպացի առաջնորդները կոչ կանեն Դոնալդ Թրամփին իրականացնել պատժամիջոցների սպառնալիքները։
«Bloomberg»-ը նաև նշում է, որ ԱՄՆ-ն հստակ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե հարձակումները շարունակվեն կամ Պուտինը հրաժարվի Զելենսկու հետ հանդիպումից։
Պուտինը Ուկրաինային առաջարկել է մայիսի 15-ին Թուրքիայում ուղիղ բանակցություններ անցկացնել։ Ինչպես նշում է հրատարակությունը, Պուտինը անտեսել է եվրոպական երկրների և ԱՄՆ-ի կոչը՝ հայտարարել 30-օրյա հրադադար։ Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ ուղիղ բանակցությունների Ստամբուլում։ Բացի այդ, Դոնալդ Թրամփը չի բացառել, որ անձամբ կմեկնի Ստամբուլ՝ հանդիպման օրը։ Նրա խոսքով, Զելենսկին համաձայնել է հանդիպմանը Թուրքիայում հենց իր կոչից հետո։ Սկզբնական փուլում Ուկրաինան և եվրոպական երկրները հրադադարը ներկայացնում էին որպես բանակցությունների հիմնական պայման։