«Բի-Բի-Սի» - Ուկրաինական ուժերը հարձակվել են Դոնեցկի մարզում Հրթիռային ուժերի օրվան նվիրված համերգին հավաքված ռուս զինվորների վրա, սպանվել է մոտ 20 զինվոր և դերասանուհի Պոլինա Մենշիկը
Ուկրաինական ուժերը հարձակվել են Դոնեցկի շրջանի գյուղերից մեկում Հրթիռային ուժերի օրվա կապակցությամբ համերգի ժամանակ հավաքված ռուս զինվորների վրա։ Այս մասին տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Նոյեմբերի 19-ին ուկրաինացի զինվորականները հարձակվել են Կումաչովո գյուղում ռուս զինվորականների հավաքի վրա։
Ըստ լրատվամիջոցի՝ ռուս զինվորները հավաքվել են համերգասրահում, որտեղ նրանց համար ներկայացում էր վարում դերասանուհի Պոլինա Մենշիկը։ Ըստ առկա տեղեկությունների՝ հարձակման հետևանքով զոհվել է մինչև 20 ռուս զինվոր։ Ռուսաստանի իշխանությունները դա չեն մեկնաբանել։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դոնեցկում ռմբակոծության հետեւանքով մահացել է ռուս դերասանուհի Պոլինա Մենշիկը։
Ուկրաինայի ցամաքային ուժերը Telegram-ի ալիքում տեսանյութ են հրապարակել, որում ենթադրաբար ցուցադրվում է հարվածի պահը։ Կադրերում բեմում երեւում է դերասանի ելույթը եւ լսվում է պայթյունի ձայն։
Բացի այդ, Ուկրաինայի Զինված ուժերի 59-րդ բրիգադի հրամանատար Ռոբերտ Բրովդին սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ուկրաինական բանակը հարձակում է իրականացրել ռուս ծովային հետևակայինների 810-րդ բրիգադի վրա, երբ զինծառայողները գտնվում էին միջոցառմանը։ Բրովդին նշում է, որ դա ի պատասխան Ուկրաինայի 128-րդ լեռնային մարտական բրիգադի հարձակման, որի հետևանքով զոհվել է 19 զինծառայող։