«Բի-Բի-Սի». Իրանում «Բուշերի» ատոմակայանի մոտ հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել
Իրանի ատոմային էներգիայի գործակալության տեղեկատվությամբ՝ Իրանում «Բուշերի» ատոմակայանի մոտ իրականացված հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պատերազմի սկզբից ի վեր սա չորրորդ հարվածն է «Բուշերի» մոտակայքում։
Թեհրանում հայտարարում են, որ զոհվածը կայանի անվտանգության աշխատակից է։ Նրանց տեղեկություններով՝ հարձակման հետևանքով օբյեկտը չի վնասվել։ Միևնույն ժամանակ, հայտարարության մեջ նշվում է, որ կայանի մոտակայքում հասցվող հարվածները լուրջ ռադիոակտիվ վտանգ են ստեղծում։
ԱՄՆ-ն և Իսրայելը չեն հաստատել կայանի մերձակայքում հարված հասցնելու փաստը։
Տարածված տեղեկատվության կապակցությամբ խորը մտահոգություն են հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ)։ Նրանց հայտարարության համաձայն՝ ռադիոակտիվ ֆոնի բարձրացում չի գրանցվել։
Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է նաև, որ ատոմակայանները և դրանց հարակից տարածքները երբեք չպետք է դառնան հարվածների թիրախ։ Գործակալությունը կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ ցանկացած տեսակի միջադեպից խուսափելու համար։
«Բուշերը» Իրանի միակ գործող ատոմային էլեկտրակայանն է։