Բենիամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփին առաջադրել է Նոբելյան Խաղաղության մրցանակի համար
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփին առաջադրել է Նոբելյան Խաղաղության մրցանակի համար։
Սպիտակ տանը այցի ժամանակ Իսրայելի վարչապետը Նոբելյան մրցանակի առաջադրման նամակը անձամբ է հանձնել Դոնալդ Թրամփին։
«Պարոն նախագահ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել նամակը, որը ուղարկել եմ Նոբելյան կոմիտեին։ Սա ձեր առաջադրումն է Խաղաղության մրցանակի համար, որը դուք վաստակել եք և պետք է ստանաք», – ասել է Նեթանյահուն ԱՄՆ նախագահին։
Իր հերթին, Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իսրայելի վարչապետին առաջադրման համար։
«Շատ շնորհակալ եմ, Բիբի։ Ես սա չգիտեի։ Առավել ևս՝ հատկապես ձեր կողմից դա շատ կարևոր է։ Մենք միասին մեծ հաջողություններ ենք ունեցել։ Կարծում եմ՝ ապագայում էլ ավելի մեծ հաջողություններ կունենանք։ Ուրախ եմ, որ դուք Սպիտակ տանն եք», – նշել է ԱՄՆ նախագահը։
Այնուհետև Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ամերիկյան առաջնորդությանը՝ ոչ միայն Իսրայելի, այլև հրեա ժողովրդի և «աշխարհում բազմաթիվ համակիրների» անունից։
Նոբելյան Խաղաղության մրցանակի առաջադրումները բաց գործընթաց են, և յուրաքանչյուր կառավարության ներկայացուցիչ կարող է ներկայացնել թեկնածու։