BBC. Խորվաթ լրագրողը մեղադրում է Ալեքսանդր Վուչիչին 1990-ականներին Սարաևոյում «դիպուկահարային տուրիզմին» մասնակցելու մեջ, ինչը Սերբիայի նախագահը հերքում է
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին մեղադրում են 1990-ականներին Սարաեւոյում այսպես կոչված «դիպուկահարային տուրիզմին» մասնակցելու մեջ։
Ինչպես գրում է BBC-ն, խորվաթ լրագրող Դոմագոյ Մարգետիչը դիմել է Իտալիայի դատախազությանը և մեղադրել Սերբիայի նախագահին 1990-ականներին Սարաեւոյում «դիպուկահարային տուրիզմին» մասնակցելու համար։
Մեղադրանքը վերաբերում է օտարերկրյա քաղաքացիների տեղափոխմանը ռազմական գործողությունների գոտի, որտեղ նրանք զգալի գումարի դիմաց կրակում էին Սարաեւոյի խաղաղ բնակիչների վրա՝ քաղաքի շրջակա բլուրներից։ Տարբեր տվյալներով՝ Սարաեւոյի պաշարման ընթացքում քաղաքում զոհվել է ավելի քան 10,000 մարդ։
Խորվաթ լրագրողը պնդում է, որ Ալեքսանդր Վուչիչը մասնակցել է «դիպուկահարային տուրիզմին»։ Այդ պնդման ապացույցներ են ներկայացվում 1990-ականներին նկարահանված տեսանյութեր և բոսնիացի պաշտոնյաների վկայություններ, համաձայն որոնց՝ Վուչիչը պատերազմին մասնակցել է որպես կամավոր և դիպուկահարի դիրք է զբաղեցրել բոսնիացի սերբ զինվորների հետ՝ Սարաեւոյի մերձակա բլուրներում։
Ինքը՝ Վուչիչը, հերքում է այս մեղադրանքները՝ հայտարարելով, թե երբեք ոչ մեկին չի սպանել և երբեք դիպուկահարի հրացան չի բռնել։
Նա պարզաբանել է նաև, որ այն տեսանյութում, որտեղ իբր երեւում է, թե նա զենք է բռնած, իրականում ձեռքին տեսախցիկի եռոտանի կանգնակ ունի։
Մինչ այդ, Սերբիայի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Վուչիչը լրագրող և թարգմանիչ է աշխատել և կապ չի ունեցել ռազմական կառույցների հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միլանի դատախազությունը սկսել էր հետաքննություն այն իտալացիների գործով, ովքեր, մեղադրանքների համաձայն, վճարում էին բոսնիացի սերբ զինվորներին, որպեսզի 1990-ականներին Սարաեւոյում մարդկանց սպանեն։
Հետաքննության տվյալներով՝ այդ ժամանակաշրջանում իտալացիները և այլ ազգությունների անձինք ներգրավված էին այսպես կոչված «դիպուկահարային տուրիզմի» մեջ՝ վճարելով Ռադովան Կարաջիչի բանակի զինվորներին, որպեսզի վերջիններս նրանց բարձրացնեն Սարաեւոյի շրջակա բլուրներ, որտեղից նրանք կրակում էին քաղաքի բնակիչների վրա։