BBC. Նիդեռլանդներում հայտնաբերվել են Դոնալդ Թրամփի պատկերով «էքստազի» տեսակի սինթետիկ թմրամիջոցի հաբեր, հոգեկան առողջության ինստիտուտը «կարմիր տագնապ» է հայտարարել

14:43, 29.08.2026

Նիդեռլանդներում հայտնաբերվել են Դոնալդ Թրամփի պատկերով «էքստազի» տեսակի սինթետիկ թմրամիջոցի հաբեր, հոգեկան առողջության ինստիտուտը «կարմիր տագնապ» է հայտարարել: Այս մասին տեղեկատվություն է տարածում «Բի-Բի-Սի»-ն:

Նիդեռլանդների Թմրամոլության և հոգեկան առողջության ինստիտուտը Դոնալդ Թրամփի պատկերով, պոտենցիալ մահացու «էքստազի» հաբերի վերաբերյալ նախազգուշացում է տարածել:

Ուտրեխտում գտնվող Տրիմբոսի ինստիտուտի տեղեկատվությամբ՝ օգոստոսին թմրանյութերի թեստավորման կենտրոններ են հանձնել նման մի քանի հաբ: Լաբորատոր ստուգման արդյունքում պարզվել է, որ դրանք պարունակում էին պարամեթոքսիմեթամֆետամին քիմիական նյութի շատ բարձր խտություն:

«Ոչ մի դեպքում չօգտագործեք այս հաբը», – ասված է ինստիտուտի նախազգուշացման մեջ:

Մասնագետների հայտարարությամբ՝ պարամեթոքսիմեթամֆետամին քիմիական նյութը կարող է առաջացնել մարմնի գերտաքացում, ինչը ծանր դեպքերում ավարտվում է մահացու ելքով:

Ինստիտուտը տարածել է նաև հաբերի լուսանկարները: Մի կողմում Դոնալդ Թրամփի դեմքի պատկերն է, իսկ մյուս կողմում փորագրված են «Trump» և «NL» գրությունները:

Պարամեթոքսիմեթամֆետամինը նյութ է, որը նման է «էքստազիի» հիմնական ազդող բաղադրիչին: Այնուամենայնիվ, մասնագետների պարզաբանմամբ, պարամեթոքսիմեթամֆետամինի ազդեցությունը ավելի ուշ է սկսվում, և դրան հաճախ չի ուղեկցվում արտահայտված խթանիչ էֆեկտ, ինչը մեծացնում է գերդոզավորման ռիսկը:

Նիդեռլանդներում «էքստազի» սինթետիկ թմրամիջոցի արտադրությունը, վաճառքը և սպառումն ապօրինի են: Այնուամենայնիվ, կառավարության 2024 թվականի զեկույցի համաձայն՝ թմրանյութը երկրում բավականին հանրահայտ է, հատկապես երեկույթների և փառատոնների ժամանակ: Զեկույցի համաձայն՝ 2022 թվականին «էքստազի» առնվազն մեկ անգամ ընդունել է ռեկորդային թվով՝ մոտ 550 000 մարդ:

Ինչպես գրում է «Բի-Բի-Սի»-ն, Դոնալդ Թրամփի պատկերը «էքստազի» հաբերի դիզայնի համար առաջին անգամ չէ, որ օգտագործվել է: 2017 թվականին Գերմանիայի ոստիկանությունը առգրավել էր մոտ 5000 նարնջագույն «էքստազի» հաբ, որոնք ԱՄՆ նախագահի գլխի ձևն ունեին:

Նմանատիպ