BBC-ի փոխանցմամբ՝ իսրայելցի զինվորները լքել են Գազայի հատվածը բաժանող Նեցարիմ միջանցքը
Իսրայելցի զինվորները լքել են Գազայի հատվածը բաժանող Նեցարիմ միջանցքը։ Ինչպես գրում է BBC-ն, Իսրայելն այդպիսով կատարել է ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի համաձայնագրի պայմաններից մեկը։
Այն բանից հետո, երբ իսրայելցի զինվորականները նահանջեցին, հարյուրավոր պաղեստինցիներ շարունակեցին վերադառնալ Գազայի հատվածի հյուսիսային հատված։
Ի գիտություն ձեզ, իսրայելական զինվորականների կողմից ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ ցամաքային գործողության ընթացքում ավելի քան 700 հազար մարդ լքել է անկլավի հյուսիսային հատվածի տարածքները։
Սակայն իսրայելական բանակը զինվորների դուրսբերման վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չի արել։
BBC-ի փոխանցմամբ՝ տեղեկություններ են շրջանառվում Նեցարիմ միջանցքից իսրայելական զորքերի դուրսբերման մասին, և որ իսրայելական պատվիրակությունը կմեկնի Կատար, որտեղ կքննարկվեն հրադադարի համաձայնագրի առաջին փուլի հետ կապված տեխնիկական հարցեր։
Ի գիտություն, համաձայնագրի առաջին փուլը նախատեսված է վեց շաբաթվա համար: Այն սկսվել է ամբողջական զինադադարի օրը, որից հետո Գազայից ներքին տեղահանվածները սկսել են վերադառնալ իրենց տները։ Զուգահեռաբար ՀԱՄԱՍ-ը սկսել է իսրայելցի պատանդների ազատ արձակման գործընթացը, որոնք փոխանակվում են իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի գերիների հետ։
Ըստ պայմանավորվածության՝ երկրորդ փուլում սպասվում են բարդ բանակցություններ, որոնց շրջանակներում հրադադարը պետք է մշտական դառնա։ Պաղեստինցիները նաև պնդում են, որ Իսրայելն ամբողջությամբ դուրս բերի իր զորքերը Գազայի հատվածից։