Բանգլադեշի նախագահը ցրել է երկրի խորհրդարանը և տնային կալանքից ազատել նախկին վարչապետ Խալիդա Զիային
Բանգլադեշի նախագահը ցրել է երկրի խորհրդարանը և տնային կալանքից ազատել երկրի նախկին վարչապետ Խալիդա Զիային։
Ինչպես գրում է BBC -ն, այս որոշումն ընդունել է Շահաբուդդին Չուպուն այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Շեյխ Հասինան փախել է երկրից՝ բողոքի ցույցերի ֆոնին, և Բանգլադեշում ռազմական կառավարում է հայտարարվել։ Մինչ այդ Բանգլադեշի նախագահը հանդիպել է երկրի ռազմական ղեկավարության, քաղաքական կուսակցությունների առաջնորդների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Նախագահի վարչակազմի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ խորհրդարանը ցրվել է երկրի ժամանակավոր կառավարություն ձեւավորելու նպատակով։
Ըստ Ռոյթերս-ի՝ Բանգլադեշի նախագահը այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ուսանողական բողոքի շարժման անդամները վերջնագիր են ներկայացրել կառավարությանը՝ խորհրդարանի լուծարման պահանջով։ Միաժամանակ ուսանողական շարժման առաջնորդ Նահիդ Իսլամը հանդես է եկել Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մուհամմադ Յունուսին Բանգլադեշի ժամանակավոր կառավարության ղեկավար նշանակելու նախաձեռնությամբ։
Տեղեկության համար՝ օգոստոսի 5-ին, հակակառավարական ցույցերի ֆոնին, Բանգլադեշի վարչապետ Շեյխ Խասինան լքել է իր պաշտոնն ու երկիրը։ Նա Բանգլադեշը ղեկավարել է 15 տարի։ Նույն օրը ցուցարարները ներխուժեցին նախագահի նստավայր, իսկ Բանգլադեշի բանակի ղեկավարը հայտարարեց ժամանակավոր կառավարություն նշանակելու ծրագրի մասին։
Հուլիսի սկզբից Բանգլադեշում շարունակվող ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Միայն օգոստոսի 5-ին ցուցարարների և իրավապահների բախման հետևանքով 109 մարդ է զոհվել։