Իրավապահները դեռ մոբիլիզացված են Թբիլիսիում, Ծղնեթի մայրուղու վրա, որտեղ ժամեր առաջ սպանություն էր տեղի ունեցել։ Տեղում կատարվում են քննչական գործողություններ։
Ըստ առկա տեղեկությունների՝ սպանվել է գործարար Լեւան Կաճարավան (մականունը՝ «Թիլիկա»)։ Լեւան Կաճարավան Վրաստանում մի քանի ընկերությունների բաժնետեր էր։
Ինչպես հայտնում է Առաջին ալիքի լրագրողը, դեպքի վայրն ու շրջակայքը ոստիկանները շրջափակել են դեղին ժապավենով։ Դեպքի վայրում է եղել ավտոմեքենան, որով երթեւեկել է Լեւան Կաճարավան։ Կաճարավան Toyota մակնիշի մեքենայով Թբիլիսիից Ծղնեթի էր ուղեւորվում։ Դեպքի հետևանքով Կաճարավայի վարորդը չի տուժել, և նա հարցաքննվում է ոստիկանությունում։
Վրաստանի առաջին ալիքին ՆԳՆ-ից հայտնել են, որ սպանությունը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 108-րդ և 236-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են դիտավորյալ սպանություն և զենք-զինամթերքի ապօրինի գնում, պահում և կրում։